Եթե նպատակը Գյումրին չէ, այլ 2026 թվականի ԱԺ-ն է, դա շատ վատ է. Շիրակի մարզպետ

Գյումրիի հետ կապված միշտ գույները շատ են խտացնում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։


Նա նշել է, որ Գյումրիում նախընտրական մթնոլորտը լարված է:


«Թե ինչքանով են այդ պրոցեսները դուրեկան կամ ոչ դուրեկան՝ կասեն գյումրեցիները։ Ես կարող եմ ասել՝ գյումրեցուն հարիր է կազմակերպել ընտրությունները և խոսել այն, ինչը հարիր է գյումրեցուն։ Գյումրու ընտրությունները պետք է տարբերվեն իրենց բարի լինելով: Բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու եմ, որ Գյումրու ընտրություններն անցնեն հանգիստ և օրենքի սահմաններում»,- ասել է նա:

 

Վերջինիս խոսքով՝ գործընկերները, ինչպես նաև մյուս թեկնածուներն ունեն իրենց խոսույթը և պարբերաբար անում են քաղաքական հայտարարություններ։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ այդ քաղաքական հայտարարությունները չի կարելի անձնավորել և տանել անձնական դաշտ։


«Այն ուժերին, որոնք Գյումրի մտել են քաղաքական նկատառումներով՝ 2026 թվականի ընտրությունների համար, ոչ թե Գյումրիում ընտրությունները կազմակերպելու կամ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար:


Եթե նպատակը Գյումրին չէ, այլ նպատակը 2026 թվականի ԱԺ-ն է, դա շատ վատ է, որովհետև Գյումրին, գյումրեցին ու Գյումրու քաղաքապետի պաշտոնը խաղաքարտ չէ, հետագայում օգտագործելու համար: Դարձնել խաղաքարտ Գյումրին ու Գյումրու քաղաքապետի պաշտոնը հետագայում այլ դիվիդենտներ շահելու համար, ես որպես գյումրեցի ասում եմ՝ անթույլատրելի է, վստահ եմ՝ գյումրեցին դա տեսնում է»,- եզրափակել է նա: