Ինչով է պայմանավորված տրանսպորտի վճարման 30 րոպե սահմանափակումը

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը հանրային տրանսպորտում քարտով վճարում կատարելուց հետո հաջորդ վճարման համար 30 րոպե ժամանակային սահմանափակում է դրել: Այս մասին ԱՐՄԵՆՊՐԵՍՍ-ի հետ զրույցում պարզաբանել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը:


 Ինչպես նշվում է բանկային քարտերին հաճախ լինում են նաև անսահմանափակ տարիֆային պլաններ, ինչն էլ չարաշահման հնարավորություն է տալիս:


 «Քաղաքացին, իմանալով, որ բանկային քարտն ունի տարիֆային պլան, որն անսահմանափակ է, քարտով անցկացնում է իր բոլոր ծանոթ բարեկամներին և վնաս հասցնում համակարգին:


Նմանատիպ փորձ մենք քաղաքացիների կողմից ունեցել ենք՝ և ՛ բանկային քարտով, և ՛ տրանսպորտային քարտով: Այդ չարաշահումների հետևանքով մենք ստիպված ենք եղել այդ երկու սահմանափակումն էլ դնել՝ ինչպես տրանսպորտային քարտերի վրա, այնպես էլ բանկային»,–ասում է «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը:


30 րոպեի սահմանափակումը գործում է նույն տրանսպորտի համար՝ մետրոյի նույն կայարանում, նույն համարի ավտոբուսում կամ տրոլեյբուսում:


Եթե քաղաքացին փոխում է տրանսպորտային միջոցը, վալիդատորն ընդունում է վճարումը:  Այսինքն՝ տեղփոխով ուղևորվող քաղաքացին այս սահմանափակումը չի զգա:


Իսկ, թե ինչու ժամանակային սահմանափակումը չի տարածվում միայն այն բանկային քարտերի վրա, որոնց վրա կան տարիֆային պլաններ, պայմանավորված է վալիդատորի օֆլայն աշխատանքով:


Վճարման պահին հնարավոր չէ տարանջատել բանկային քարտերը՝ ըստ տարիֆային պլանի և տարիֆային պլանի բացակայության: Քաղաքացիները բարձրաձայնում են՝ վալիդատորը վճարումը երբեմն մերժում է, բայց ավելի ուշ նկատում են՝ գումարը գանձվել է: Այնինչ, գանձված գումարը ձեր նախորդ երթերից գոյացած պարտքն է, որի պատճառով հայտնվել էիք սև ցուցակում:


Երբեմն վալիդատորը կանաչ լույս է վառում, սակայն քարտից գումար չի գանձվում: Պատճառները կարող են տարբեր լինել՝ քարտի վրա անբավարար միջոցների առկայությունից մինչև օրվա գործարքների քանակի ու գումարի սահմանափակում:  Անսահմանափակ երթերով փաթեթներ ձեռք բերելիս պետք է հիշել՝ գործում է «մեկ անձ՝ մեկ տոմս» սկզբունքը:


Իսկ ինչ կլինի, եթե քաղաքացին կորցնի տրանսպորտային քարտը. եթե քարտը նույնականացված չէ, ապա կորցնելու դեպքում ընկերությունը չի կարող օգնել: Կորցրած նույնականացված քարտերի դեպքում տարիֆը հնարավոր է տեղափոխել նոր գնված քարտին:  




Քաղաքականություն