Դեղերի շուկայում սպասվում է ծայրահեղ ծանր վիճակ. Անուշ Պողոսյան

«Այսօր Հայաստանում գրանցված է 3260 անուն դեղ։ 2018 թվականի համեմատ՝ Հայաստանում գրանցված դեղերի բացարձակ թիվը նվազել է 40 տոկոսով, որն արդեն ահազանգող է։ Գրանցված 3260 դեղից առկա և վաճառքի ենթակա է շուրջ 1800-ը»,- տվյալներն ասուլիսում ներկայացրել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։


«Խնդիրները հետևյալն են. դեղագործական ընկերություններն այլևս շահագրգռված չեն Հայաստանում ներկայացուցչություններ ունենալ, որովհետև միջազգային բրենդային դեղագործական ընկերությունների համար փոքր շուկա է, և երբ իրենք ուզում են մտնել այդ փոքր շուկան, ապա մեր Դեղերի փորձագիտական ինստիտուտում անհասկանալի խոչընդոտներ են առաջացնում դեղերի գրանցման հետ»,- նշել է նա։


Հայաստանն արդեն մեկ տարի անցել է ԵԱՏՄ գրանցման ընթացակարգերին, մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանում դադարեցվելու են ազգային գրանցում ունեցող դեղորայքների վաճառքը, որն էլ, ըստ Ա. Պողոսյանի, ավելի կխորացնի խնդիրը։


Նրա ներկայացմամբ, Հայաստանում մեկ դեղի գրանցումը, որը մոտավորապես 60 օրվա ընթացքում պետք է լիներ, եթե ֆորմուլան գրանցված է, տևում է մեկ տարուց ավելի. «Երբ որ հարցնում ես՝ ինչո՞ւմն է խնդիրը, որ դեղերն այդքան ուշ են գրանցում, ասում են՝ չունենք ռեսուրսներ, որպեսզի դա արագ կազմակերպենք»։


Ա. Պողոսյանի խոսքով, այս պահին ԵԱՏՄ երկրների գրանցամատյանում գրանցված է 8500 անուն դեղ, բայց այդ 8500 անուն դեղը թույլ չեն տալիս ներկրել Հայաստան որպես ԵԱՏՄ երկիրը. «Առողջապահության նախարարության կողմից թույլտվություն չի տրվում։ Եվ ի՞նչ է ստացվում, որ մենք մոտիվացնում ենք, որպեսզի Հայաստան դեղեր ներկրվեն ոչ օրինական ճանապարհներով»։


Համեմատության համար նշեց, որ Վրաստանում գրանցված է 8000 անուն դեղ, ևս 3000 անուն դեղ թույլ է տրված զուգահեռ ներմուծման համար։ Նա նաև նշեց, որ Վրաստանում դեղերն էժան են, որովհետև դեղերի վրա ավելացված արժեքի հարկ դրված չէ, 0 տոկոս է, իսկ Հայաստանում 20 տոկոս ավելացված արժեքի հարկ է դրված դեղորայքի վրա։


«Հայաստանի դեղերի շուկայում ունենք խնդիրներ, տարեվերջին խնդիրները, եթե չահազանգենք ու առողջապահության նախարարության պաշտոնյաները չանհանգստանան, դեկտեմբերի 31-ին ունենալու ենք ծայրահեղ ծանր վիճակ դեղորայքային շուկայում»,- ասել է Անուշ Պողոսյանը՝ մանրամասնելով, որ լինելու է բրենդային որակյալ դեղորայքի լուրջ խնդիր, իսկ Հայաստանում 92 տոկոսը ներկրվող դեղեր են, տեղական արտադրությունը 8 տոկոս է։

Քաղաքականություն