![Wildberries–ի հիմնադիրները պաշտոնապես ամուսնալուծվել են](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-10/67aa28f079228.webp)
Wildberries–ի հիմնադիրները պաշտոնապես ամուսնալուծվել են
![Wildberries–ի հիմնադիրները պաշտոնապես ամուսնալուծվել են](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-10/67aa28f079228.webp)
Դատարանը լուծարել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի և Վլադիսլավ Բակալչուկի ամուսնությունը։ Meduza–ի փոխանցմամբ՝ այս մասին Բակալչուկը հայտնել է իր Telegram ալիքում։ Նա իր գրառմանը կցել է Վալերի Կիպելովի «Ես ազատ եմ» երգը։
«Ընկերներ, մեր ամուսնությունը Տատյանայի հետ պաշտոնապես լուծարված է: 22 տարվա պատմությունն ավարտված է. Իհարկե, սա տխուր պահ է. ինչ–որ ժամանակ ես հպարտ էի մեր ընտանիքով, մեր հարաբերություններով, այն փաստով, որ մենք կառուցել ենք ոչ միայն բիզնես, այլ նաև կյանք: Սակայն վերջին ամիսները ցույց տվեցին, որ այս ավարտն անխուսափելի էր։ … Երեխաները մնում են իրենց մոր հետ, իսկ ալիմենտները՝ հոր», - ասել է Բակալչուկը:
Նա որոշումը անվանել է «կանխատեսելի», քանի որ Ռուսաստանում «որպես կանոն, երեխաները մնում են մոր մոտ»։
Բակալչուկը հավելել է, որ փետրվարի 18-ին դատարանը որոշում կկայացնի նախկին ամուսինների ունեցվածքի բաժանման վերաբերյալ։
Որոշ ժամանակ անց Տատյանա Կիմը հաստատել է ամուսնալուծության մասին տեղեկությունը։
«Այսօր դատարանը բավարարեց ապահարզանի մասին իմ միջնորդությունը, երեխաները մնում են ինձ հետ։ Ուրախ եմ, որ այս դժվարին շրջանը ետևում է»,- գրել է նա։
2024 թվականի հուլիսի վերջին Տատյանա Կիմը (այն ժամանակ Բակալչուկը) հայց ներկայացրեց ամուսնուց բաժանվելու համար։ Բակալչուկների ամուսնալուծությունը հանրային հնչեղություն ստացավ այն բանից հետո, երբ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը միջամտեց Wildberries-ի և Russ-ի միաձուլման գործարքին:
Forbes-ը մի քանի վարկած է առաջ քաշել Բակալչուկների միջև կոնֆլիկտի պատճառների մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ Տատյանա Կիմը վախենում էր իրավապահների և կարգավորող մարմինների հետ դժվարություններից՝ 2024 թվականի հունվարին Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Wildberries–ի պահեստում բռնկված հրդեհի պատճառով։ Russ–ի ներկայացուցիչները, իբր, օգնել են լուծել խնդիրը «ամենաբարձր մակարդակով՝ բիզնեսում մասնաբաժնի դիմաց»։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Կիմը «սիրահարվել է, և նրա սերը կապ ունի Russ–ի հետ»։ Проект-ը գրել է, որ Բակալչուկը որոշում է կայացրել Wildberries-ը միացնել Russ Outdoor-ին ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Միրզոյանի հետ ունեցած սիրավեպի ազդեցությամբ։
2024 թվականի սեպտեմբերին գործարքի և Բակալչուկների ամուսնալուծության ֆոնին հրաձգություն տեղի ունեցավ Մոսկվայի Wildberries-ի գլխավոր գրասենյակի մոտ։ Երկու մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։