ՀՎԿԱԿ–ի մի շարք աշխատակիցներ կդիմեն դատարան. News am

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մասնաճյուղի մանրէաբանական լաբորատորայի բոլոր աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել։ Այս մասին այսօր NEWS.am Medicine–ի հետ զրույցում ասաց լաբորատորիայի վարիչ Աշխեն Այվազյանը։


Իր խոսքով՝ ամիսներ առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ օպտիմալացման աշխատանքներ են իրականացվում և հաստիքացուցակները պետք է կրճատվեն։ Սկզբում խոսքը 4 նմուշառողի կրճատման մասին էր, հետո՝ 14, այնուհետև որոշում կայացվեց կրճատել լաբորատորիայի բոլոր աշխատողներին։ Դեկտեմբերին նախարարությունից ծանուցում է եկել, որ մանրէաբանական լաբորատորիայի բոլոր աշխատակիցները փետրվարի 28-ից հեռացված են աշխատանքից։ Ընդ որում, լաբորատորիան չի փակվելու։ Փաստացի, ազատվում են հին, մեծ փորձ ունեցող աշխատողներից:


««Ինձ և ևս մեկ բժշկի առաջարկել են այլ մասնաճյուղերում աշխատանք։ Ինձ առաջարկում են Գեղարքունիքի մարզում աշխատել, բայց դա անտրամաբանական է, ես Մեծամոր քաղաքում եմ ապրում»,– ասաց Աշխեն Այվազյանը։


«Հիմա այս դիլետանտ, աշխատանքից անտեղյակ դրածո ղեկավարներն ասում են՝ մեզ կանաչ ճանապարհ է տված, ինչ ուզենք, անելու ենք։ Որտեղ էլ բողոքեք, մեր մարդիկ են», – ասաց նա, հավելելով, որ լաբորատորիայի բոլոր աշխատակիցներն մտել են ՀՎԿԱԿ–ի Արմավիրի մասնաճյուղի տնօրենի մոտ, և հրաժարվել են այսօրվանից կատարել իրենց պարտականությունները։ Նրանք տեղի ունեցածի մասին ահազանգել են բոլոր պատկան մարմիններ, հիմա էլ պատրաստվում են դիմել դատարան։


Նա նաև տեղեկացրեց, որ նույն խնդրի առաջ են կանգնել Արագածոտնի ու Կոտայքի մարզի լաբորատորիաները:


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից պարզաբանել են, որ իրենց նպատակը աշխատակիցներին կրճատելը չէ, այլ խոսքն ընդհանուր օպտիմալացման գործընթացի մասին է, որի նպատակը լաբորատոր աշխատանքները կանոնակարգելն ու աշխատանքն ավելի ծախսարդյունավետ դարձնելն է»,– գրում է կայքը։