Բաքվում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատական ​​նիստը

Այսօր Բաքվում տեղի կունենա Ռուբեն Վարդանյանի գործով հերթական շինծու դատական ​​նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից: 


Բաքվի զինվորական դատարանը նախորդ անգամ Ռուբեն Վարդանյանի գործի քննությունն անցկացրել էր փետրվարի 7-ին: Վարդանյանի գործը քննվում է առանձնացված:


«Ռուբեն Վարդանյանի գործով նիստից ունենք որոշակի այլընտրանքային տեղեկություն, որն ընտանիքն ստացել է նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով: Նիստում պաշտպանը երկու բացարկ է ներկայացրել, որից մեկը՝ թարգմանչի մասով: Բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել: Անգամ որոշ տեղերում հղումներ են եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը: Ըստ ինձ փոխանցված տեղեկությունների՝ դատարանը կարգադրել է Ռուբեն Վարդանյանին և նրա պաշտպանին տրամադրել ադեկվատ թարգմանություն։ Ու սա՝ միայն երրորդ նիստի ընթացքում, երբ սկսվել է գործի ըստ էության քննությունը: Բացի այդ, մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները՝ գործի պատճենները ստանալու և տեսաերիզների բովանդակությանը ծանոթանալու մասին։ Բնականաբար, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում»,- ավելի վաղ հայտնել էր ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը: