Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ. Ազատություն
Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ՝ սեղմված բնական գազի ձեռքբերման համար։ Պայմանագիրը կնքվել է հունվարի 27-ին։ Ավելի վաղ նրա ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրան զուգահեռ Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջև։
Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Ըստ պայմանագրի՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանում Վաղարշապատի համայնքապետարանի կարիքների համար պետք է կատարվեն լիցքավորումներ։ Միրզոյանը գազալցակայանը հիմնել է 2020-ին, այն գտնվում է Էջմիածին-Արտիմետ խճուղի 1 հասցեում։ Գազալցակայանի անհրաժեշտ թույլտվությունները Միրզոյանը ստացել էր ապագա հարսից՝ Դիանա Գասպարյանից, երբ վերջինս արդեն Վաղարշապատի քաղաքապետն էր։
Սեղմված գազի ձեռքբերման գնումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։ Ըստ Gnumner.am հարթակի՝ մրցույթին բացի Աշոտ Միրզոյան ԱՁ-ից մասնակցել են նաև «Լի գազ» և «Տնկարան» ՍՊԸ-ները։ Ամենացածր գնային առաջարկ ներկայացրել է Դիանա Գասպարյանի սկեսրայրը, ում վերջին գնառաջարկը «Տնկարան»-ից պակաս է եղել 133 հազար դրամով, և պայմանագիրը շնորհվել է Միրզոյանին։
Հայաստանում հանրային ծառայության մասին օրենքը սահմանում է, որ եթե պաշտոնյայի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադասին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախման մասին։ Համայնքապետերը քանի որ չունեն վերադաս մարմին, շահերի բախման հանգամանքների վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Մինչ այդ պաշտոնատար անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ որոշում կայացնելուց։
Հանձնաժողովից լրատվամիջոցին տեղեկացրել են, որ շահերի բախման վերաբերյալ որևէ հայտարարություն կամ դիմում Վաղարշապատի քաղաքապետից չեն ստացել, իսկ Դիանա Գասպարյանը ձեռնպահ չի մնացել գործողություն կատարելուց և ստորագրել է համապատասխան պայմանագիրը Աշոտ Միրզոյանի հետ։
Պատասխանելով լրատվամիջոցի գրավոր հարցմանը՝ Դիանա Գասպարյանը վստահեցրել է, որ Վաղարշապատի համայնքապետարանի գնման հանձնաժողովը գնումն իրականացրել է էլեկտրոնային եղանակով, ուստի անձնապես չի տեսել ու չի նույնականացրել որևէ մասնակցի: Անդրադառնալով շահերի բախման առկայությանը՝ Վաղարշապատի համայնքապետը նշել է, որ ապագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար նախատեսում է վերանայել ներքին վերահսկողության մեխանիզմները։
Նույնիսկ եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզի, որ գործարքի ժամանակ եղել է շահերի բախում, Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում պայմանագրի չեղարկում, ոչ էլ խոշոր տուգանքներ։ Հանձնաժողովն առավելագույնը կարող է վարույթ հարուցել և 300 հազար դրամով տուգանել պաշտոնատար անձին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը պահեստազորայինների վա...
Ստեփանավանի հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով օպերատիվ շտաբ է ստեղծվել
Ստեփանավան համայնքի՝ Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման համար այսօր՝ փետրվարի 8-ին, համ...
Սա ապտակ է. Լոս Անջելեսի հրշեջները նամակ են ստացել՝ աշխատանքից ազատվելու առաջարկով
ԱՄՆ իշխանությունները հորդորել են հրաժարականի դիմում ներկայացնել Լոս Անջելեսում անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջներ...
Պետդումայում կոչ են արել քրեական գործ հարուցել Գորբաչովի թոռնուհիների դեմ
ՌԴ Պետդումայում կոչ են արել քրեական գործ հարուցել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի թոռնուհիների դեմ:Մասնավորապես ՌԴ...