Ինչ է կատարվել Նոր Նորքի բաժնում

ՀՀ ՆԳՆ–ն հերքում է տարածել ԶԼՄ–ներում և սոցցանցերում տարածված տեղեկատվության առնչությամբ, ըստ որի՝ քաղաքացուն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում չէին սպասարկել իբրև թե վերջինիս ստորագրության մեջ Արարատ լեռան առկայության պատճառով:


«ԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։ 

Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում: Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին ըստ քաղաքացու մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։


ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ։

Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև անհիմն չթիրախավորել ծառայության աշխատակիցներին»,– նշվում է հաղորդագրության մեջ։