Բաքվում պատասխանել են Ֆրանսիայից հնչող հայտարարություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության ղեկավար Այհան Հաջիզադեն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոյին:
«Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի մեկնաբանությունը, որը մեղադրում է Ադրբեջանին անդրծովյան տարածքների գործերին միջամտելու մեջ, Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության պահանջների ֆոնին Ֆրանսիայի անգործությունը կոծկելու բացահայտ փորձ է։ Հենց Ֆրանսիան է միշտ միջամտել տարածաշրջանային խնդիրներին և փորձել խափանել Ադրբեջանի կողմից առաջ քաշվող խաղաղության և կայունության վերականգնման գործընթացը», - նշել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ Բաքվի նախաձեռնող խմբի գործունեությունը նպատակ ունի հանրությանը հասցնել Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը եւ խնդիրները անդրծովյան տարածքներում:
«Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության դեմ բռնաճնշումների քաղաքականությունը դադարեցնելու փոխարեն, որտեղ անցյալ տարի ուժի կիրառման արդյունքում զոհվել է առնվազն 14 մարդ, շատերը վիրավորվել են, Ադրբեջանի դեմ շանտաժը ցույց է տալիս, թե որքան ապարդյուն է Ֆրանսիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը: Ավելին, Ֆրանսիայի կողմից բազմաթիվ միջազգային կազմակերպություններում իր դերի և ռեսուրսների չարաշահումը հակագաղութային քաղաքականություն քարոզել ձգտող ՀԿ-ների միջազգային իրավապաշտպանների վրա ճնշում գործադրելու համար անիմաստ է և արդյունք չի տա: Մենք վճռականորեն մերժում և դատապարտում ենք Ֆրանսիայի արտգործնախարարի հակաադրբեջանական պնդումները», - ընդգծել է նա։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Լեկորնուն գրել էր. «Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»:
Նա այսպես էր արձագանքել Բաքվի նախաձեռնող խմբի կողմից այս շաբաթ Նումեայում (Նոր Կալեդոնիայի վարչական կենտրոն) Միջազգային ապագաղութացման ճակատի կոնգրեսի անցկացմանը։ X-ի հայտարարության համաձայն՝ միջոցառմանը, որը տեղի ունեցավ հունվարի 23-25-ը, պետք է մասնակցեին Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից, ինչպես նաև Կորսիկայի մի քանի ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք հանդես էին գալիս Ֆրանսիայից անկախանալու օգտին։
2024 թվականի հուլիսին Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված նախորդ համագումարին մասնակցել են ավելի քան 15 քաղաքական կուսակցությունների և անկախության շարժումների առաջնորդներ Գվադելուպայից, Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից, Կարիբյան և Անթիլյան կղզիներից: Այս հանդիպմանը նրանք ստորագրեցին հռչակագիր Ֆրանսիական գաղութների միջազգային ազատագրական ճակատ ստեղծելու մասին։
Բաքվի նախաձեռնող խումբը ստեղծվել է 2023 թվականի հուլիսին Ադրբեջանում կայացած համաժողովում՝ Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակներում։ Այն հայտարարեց իր նպատակը՝ աջակցել 21-րդ դարում գաղութատիրությունից տառապող ժողովուրդների պայքարին։