ՀՀ-ում անչափահասները չեն կարողանա էներգետիկ ըմպելիքներ գնել
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Այսուհետև անչափահասները չեն կարողանա էներգետիկ ըմպելիքներ գնել Հայաստանի խանութներից և սուպերմարկետներից։
Ըստ համահեղինակ Ալխաս Ղազարյանի օրինագծի նպատակն է խթանել հանրային առողջության պաշտպանության և երիտասարդ սերնդի առողջ ապրելակերպը։
Հիշեցնենք` հունվարի 20-ի ԱԺ հերթական նիստի ժամանակ Ղազարյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվում է սահմանել «էներգետիկ ըմպելիք» հասկացությունը և արգելել դրանց վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Նախատեսվում է նաև սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն սահմանափակումները խախտելու համար։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ընդգծեց` հիմնական տրամաբանությունը նաև այն է, որ կարճաժամկետ տնտեսական օգուտները ստորադասվում են երկարաժամկետներին, որովհետև այս պարագայում հանրային առողջությունը դիտարկվում է տնտեսության տեսանկյունից որպես երկարաժամկետ գործիք։
Հանրային առողջությունն ավելի կարևոր է, քան կարճաժամկետ տնտեսական օգուտները, որոնք կարող էին ստացվել այդ ապրանքների հավելյալ վաճառքի արդյունքում։