Մառախուղ, թե՞ ամպամածություն. առաջիկա 4 օրվա եղանակը

Առաջիկա օրերի համար օդերևութաբաններն առանց տեղումների եղանակ են կանխատեսվում:


Հունվարի 11-14-ին սպասվում է ամպամածություն: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Այսօր Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։


Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։


Երևանում այսօրվանից սկսած մինչև հունվարի 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին  սպասվում է տեղումներ։ Այսօր ցերեկը կլինի -1...+1 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։


Հիշեցնենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքում հրապարակում էր արել.


«Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային ինվերսիաներ (երբ ըստ բարձրության նկատվում է ջերմաստիճանի աճ), որն ուղեկցվում է ցածր հարկի ամպամածությամբ և մառախուղներով։

Վերջին 2 օրերին, հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինվերսիոն շերտ է առաջացել ծովի մակերևույթից 1500-2000մ բարձրություններում (բարձրացած ինվերսիա), որն ընդգրկում է Շիրակի և Արագածոտնի մարզերը, Արարատյան դաշտը իր նախալեռնային գոտով և Վայոց ձորի նախալեռնային հատվածները։

Հանրապետությունում ինվերսիոն շերտի առկայության պայմաններում, միաժամանակ շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում, որը 1600-2000մ բարձրություններում արտահայտվում է խիտ մառախուղի, իսկ ավելի ցածր բարձրություններում` ամպամածության տեսքով։

Այս երևույթով պայմանավորված հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն։

Այսպես, հունվարի 10-ի ժամը 14։00-ի դրությամբ, Կապանում և Դիլիջանում օդի ջերմաստիճանը եղել է +14․․․+15°C, իսկ Աշոցքում՝ -11°C»։

Քաղաքականություն