Վտանգ կա․ Գլենդելի քաղաքապետը մանրամասնում է
Գլենդելում երեկ երկու շրջան կար, որտեղից տարհանել էինք քաղաքացիներին. այսօր առավոտյան արդեն հայտարարեցինք, որ բոլորը կարող են տուն վերադառնալ և վերադարձել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:
«Ժամը 12-ին փակվեցին նաև աջակցության կենտրոնի դռները, որովհետև այս պահին դրա կարիքը չկա»,-ասել է Ասատրյանը:
Նրա խոսքով՝ թեև Գլենդելում կրակ չկար, սակայն հրդեհի օջախներին մոտ թաղամասերից քաղաքացիները տարհանվել էին: Երեկ աջակցության կենտրոնում 100 քաղաքացի կար, այսօր բոլորը իրենց տներն են վերադարձել:
«Հայտարարվել է, որ առաջիկա օրերի ընթացքում քամին կարող է նորից ուժգնանալ, հրդեհի տարածման վտանգ կա, հուսով եմ, որ նախքան այդ հրշեջները կկարողանան մարել կրակը»,-ասել է Գլենդելի քաղաքապետը:
Ըստ քաղաքապետի՝ թեև քաղաքում կրակ չկա, սակայն օդը աղտոտված է, տներից դուրս գալ դեռևս շատ դժվար է:
Կալիֆորնիայում անտառային հրդեհներ են մոլեգնում հունվարի 7-ից։ Այն համարվում է նահանգի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։ Հրդեհի արագ տարածման պատճառ են դառնում ուժգին քամիներն ու ցածր խոնավությունը։ Զոհերի թիվը հասել է 10-ի: