Իմացել են, որ զինծառայողները զոհվել են, հրաման են տվել խուճապ տարածել․ դատավճիռ

Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալը և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար՝ 4 տարի 9 ամիս 11 օր և 4 տարի 10 ամիս 6 օր ժամկետով ազատազրկման: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։


Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի օգոստոսի 29-ին հաստատել էր վերոնշյալ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:


Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը տեղեկացել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին N զորամասի հրամանատարը, նույն զորամասի հրամանատարի տեղակալը, զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարը և նույն գումարտակի անձնակազմից 35 զինծառայող Լեռնային Ղարաբաղի Դաղթումաս բնակավայրի տարածքում ծավալված մարտական գործողությունների ընթացքում ընկել են շրջափակման մեջ և զոհվել:


N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը նույն օրը Խնձորեսկ գյուղում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի շտաբ է կանչել 2-րդ գումարտակի հրամանատարին ու 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալին, որտեղ N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի հետ հրաման են տվել խուճապ տարածել N զորամասի զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ զինծառայողները հրաժարվեն զենքով գործելուց: 2-րդ գումարտակի հրամանատարն ու 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, գիտակցելով տրված հրամանի ապօրինի լինելը, ենթակա զինծառայողներից որևէ մեկին նման տեղեկություն չեն հայտնել:


2023 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 35-380-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ մարտի ժամանակ զենքով գործելուց հրաժարվելու նախապատրաստությունը):


Դատարանը, հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, մեղադրյալների նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:


Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը պատժի մասով վերաքննիչ բողոք կներկայացնի: