Հովիկ Աղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Հովիկ Աղազարյանի կողմից՝ ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀԿԿ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցանքի հատկանիշները։


Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու և պատգամավորական մանդատը վայր չդնելու մասին, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ Ընդ որում, այդ «արտահոսքերի» մասին իշխանություններն իմացել են այն բանից հետո, երբ ՀԿԿ-ում քննվող՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսը։ Քննիչը ծանոթացել էր հեռախոսի բովանդակությանն ու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունները հասանելի էին դարձել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։


ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ տեղեկություններն իրեն տրամադրել է օպերատիվ մարմինը։ «Այդ հեռախոսը քրեական գործի շրջանակներում հայտնվել է անկախ մարմնի մոտ և անկախ մարմինը համապատասխան թույլտվություններն ունենալով՝ բոլորովին ուրիշ գործով հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չի։ Եվ այդ ոչ այնքան անկախ մարմինը հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակել են պետական անվտանգությանը վերաբերող սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ։ Բնականաբար, այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ, միաժամանակ, պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ վարչապետին»,- հայտարարել էր Փաշինյանը։


Ինչպես պարզվել է, դատախազությունն ու նախաքննական մարմինը տեղյակ չեն եղել օպերատիվ տվյալներից, քանի որ, ինչպես «Փաստինֆո»-ին դեկտեմբերի 9-ին հայտնել էին դատախազությունից՝ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։