ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի լավ է՝ հույսը մեզ վրա դնենք. Սերգեյ Լավրովի հարցազրույցը՝ Թաքեր Կարլսոնին
Թաքեր Կարլսոնը հարցազրույց է հրապարակել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին գրում է Говорит Москва–ն:
Նշվում է, որ ամերիկացի լրագրողի և ՌԴ ԱԳՆ ղեկավարի զրույցը տևել է գրեթե 1,5 ժամ։ Այս ընթացքում ԱԳ նախարարը պատասխանել է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների, «Օրեշնիկի» օգտագործման և Արևմուտքի հետ փոխգործակցության հնարավորությունների մասին հարցերին։
ԱՄՆ–ի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին Լավրովը պատասխանել է, որ «Ռուսաստանը պատճառ չի տեսնում, թե ինչու պետք է Մոսկվան և Վաշինգտոնը չկարողանան համագործակցել հանուն տիեզերքի»:
«Ռուսաստանը չի մտածում ԱՄՆ-ի հետ պատերազմի մասին և նման ցանկություն չունի: Նման պատերազմը կարող է միջուկային բնույթ ունենալ, Մոսկվայի համար գլխավորը դրանից խուսափելն է»,– ասել է նա:
Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի արտադաշնակցային կարգավիճակը մնում է առանցքային Ռուսաստանի Դաշնության համար՝ «ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ռազմակայաններ և ո՛չ էլ զորավարժություններ՝ օտարերկրյա զորքերի մասնակցությամբ»:
Բացի այդ, ըստ դիվանագետի, «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռի արձակումը ազդանշան էր Արևմուտքին Մոսկվայի պատրաստակամության մասին՝ ամեն ինչ անելու իր օրինական շահերը պաշտպանելու համար: Սերգեյ Լավրովը Թաքեր Կարլսոնի հետ զրույցում հույս է հայտնել, որ այդ ազդանշանը լուրջ է ընդունվել։
Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանում շատերը կցանկանային, որ պատժամիջոցների վերացումը դառնա Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի պայմաններից մեկը։
«Սակայն մենք հասկացանք, որ ավելի լավ է հույսը դնել մեզ վրա և համագործակցության մեխանիզմներ մշակել «նորմալ» երկրների հետ, որոնք չեն խառնում տնտեսական շահերն ու քաղաքականությունը»,- նշեց նա։
Երեք ժամից էլ քիչ ժամանակում ամերիկացի լրագրողի տեսազրույցը ՌԴ ԱԳ նախարարի հետ X սոցիալական ցանցում դիտել է ավելի քան 2 միլիոն մարդ։