Ինչ նվեր է ստացել Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապից. «Ժողովուրդ»
«Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար նվերաշատ են եղել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել էր Վատիկան՝ Սուրբ Աթոռ, որի ընթացքում Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապից ստացել էր նվեր՝ կավե քանդակ «Քնքշանք եւ սեր» անվամբ։ Քանդակի պատրաստման համար օգտագործվել է էնգոբայի տեխնիկան, որը կավին տալիս է հարթ, կաշվե տեսք, որն այնուհետեւ ամրացվում է մոմապատ պատինայով։ Քանդակը մի կողմից պատկերում է Սրբություն Ֆրանցիսկոս Ասսիզենցուն, ով խաղաղության, մարդկության եւ բնության հանդեպ հարգանքի խորհրդանիշն է, իսկ մյուս կողմից՝ աղտոտվածության, վտանգված աշխարհի պատկերը։ Նվերի՝ ստացողի կողմից գնահատված արժեքը ՀՀ դրամով կազմել է 37 հազար 978 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Տեղեկացնենք, որ եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին: Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ 40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։ Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: