Նոր մանրամասներ՝ Աբխազիայում տիրող իրավիճակից․ ՌԴ ԱԳՆ-ն է արձագանքել
Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Աբխազիայում տեղի ունեցած բողոքի ցույցերը։
ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ այդպիսի սցենարները չեն նպաստում օտարերկրյա ներդրումների հոսքին: Երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան մտահոգված է իրավիճակի այդօրինակ զարգացմամբ և ակնկալում է, որ այն կլուծվի խաղաղ քաղաքական մեթոդներով՝ առանց միջամտությունների:
«Ռուսաստանում մտահոգությամբ են հետևում իրադարձություններին մեր հարևան, բարեկամ Աբխազիայում, որտեղ կրկին սրվել են ներքաղաքական հակասությունները։ Ընդդիմադիր ուժերը, ցավոք, հնարավոր չհամարեցին երկրի օրինական իշխանության հետ տարաձայնությունները կարգավորել քաղաքակիրթ, հարգալից երկխոսության միջոցով և դուրս եկան իրավական դաշտի շրջանակներից՝ հրահրելով իրավիճակի սրացում», - նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Աբխազիայում ստեղծված ճգնաժամային իրավիճակն արգելակում է երկրի զարգացումը. նման սցենարները չեն նպաստում ներգրավելու արտասահմանյան ներդրումներ, որոնք ծանրակշիռ գործոն են հանրապետության սոցիալ-տնտեսական վերելքի համար:
«Ռուսական կողմը, չմիջամտելով Աբխազիայի ներքին գործընթացներին, ակնկալում է, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով։ Ընդ որում, իհարկե, պետք է անշեղորեն պահպանվեն Աբխազիայի օրենքները, այդ թվում՝ հասարակական կարգի պահպանման առումով», - հավելել Է Զախարովան։
Աբխազիայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ փաստաթուղթ է պատրաստում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու մասին։
Հիշեցնենք, որ Սուխումում բողոքի ցույցեր են կազմակերպել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հակառակորդները։ Ցուցարարներն ավելի վաղ ներխուժել էին նախագահի աշխատակազմի և խորհրդարանի շենք՝ ջարդելով ապակիները։ Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը ենթադրում է ռուսական ընկերությունների կողմից Աբխազիայի տարածքում ներդրումային նախագծերի իրականացում: Խորհրդարանի միջազգային կապերի կոմիտեի ղեկավար Ալխաս Բարցիցի խոսքով՝ հանրապետությունն ի վիճակի չէ տնտեսության առանցքային հատվածների վերականգնման համար ինքնուրույն գտնել միջոցներ: