Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան

Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավելի հասկանալի ձևակերպենք, ենթագիտակցությունն է ապապետական: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն այն, ինչ ասում ենք, այն, ինչ պնդում ենք, երբեմն այն, ինչին հավատում ենք, երբեմն կամ հաճախ կամ գրեթե միշտ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը: Խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած, սա ասում եմ, որ որևէ մեկն իրեն մեղադրվողի կարգավիճակում չզգա»,- ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով՝ միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը, այդպես եղել է միշտ, բայց մենք նույնիսկ սա մինչև վերջ և ամբողջական չենք գիտակցել:


«Կամ կլինի պետություն, մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, կամ եթե չկա պետություն, մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ: Ի դեպ, մենք մինչև այսօր որպես ժողովուրդ կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ, որը բարեբախտաբար ամբողջությամբ չէ, որ կորցրել ենք, և դա պատճառներից մեկն է, որ մեզ թույլ է տալիս այսօր ունենալ անկախ պետություն»,- ասաց նա:


Իսկ թե ինչու է մեր սոցիալ-մտածողությունն ապապետական, Փաշինյանը պայմանավորեց նրանով, որ երկար ժամանակ չենք ունեցել պետականություն:


«Մեր սոցիալ-մտածողությունը ձևավորվել է այն ժամանակ, երբ մենք չենք ունեցել անկախ պետություն, այլ եղել ենք գաղութ, օրգանական կապի մեջ չենք եղել այն պետության հետ, որի մեջ ապրել ենք»,- ասաց նա:


ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմանը և նշել, որ փաստաթուղթը ստորագրելիս որևէ մեկի կարծիքը չի հարցրել։ 


«Նոյեմբերի 9–ին ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ՝ ինձ վրա վերցնելով պատասխանատվությունը։ Եվ համարում եմ, որ ճիշտ եմ արել»,– նշեց նա։