ՀՀ կառավարությունը նոր վարկ կվերցնի

Հայաստանը ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի որպես բյուջետային աջակցություն։


ՀՀ կառավարություն այսօր նիստում հավանություն տվեց ՀՀ–ի և ՕՊԵԿ–ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման 2–րդ ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացմանը։


Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թ. նոյեմբերի 12–ին։


«Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես օրինակ` Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։


Ստորագրված վարկային համաձայնագիրը, որը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, կներկայացվի ՀՀ սահմանադրական դատարան` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը:


ՍԴ–ից հետո, ըստ ընթացակարգի, համաձայնագիրը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։