Որոշ տարածքներում լինելու են տեսանկարահանող սարքեր, ձայնային և ծխի տվիչներ

Անտառներում և բնության պահպանվող հատուկ տարածքներում լինելու են տեսանկարահանող սարքեր, ձայնային և ծխի տվիչներ, որոնց միջոցով առաջին ազդանշանը փոխանցվելու է էկոպարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն։


ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ ստեղծվող էկոպարեկային ծառայության աշխատակիցների առավելագույն քանակը լինելու է 1176։


Մեկնարկել է էկոպարեկային ծառայությունը համալրող աշխատակիցների ընտրության մրցույթը։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը։


Նրա խոսքով՝ կենտրոնական ապարատը կազմված է լինելու 114 աշխատակցից։


Էկոպարեկների հստակ թվաքանակը լինելու է 1046, որից շուրջօրյա պաշտպանություն իրականացնող աշխատակիցների թվաքանակը՝ 801։


Սյունիքի էկոպարեկային ծառայությանը մոտ 510 մլն դրամ կհատկացվի


Էկոպարեկային ծառայությանն իր աշխատանք իրականացնելու է Կենտրոնական վարչական ապարատի ստորաբաժանումների և ՀՀ 7 մարզային վարչությունների՝ 25 տեղամասերի միջոցով։


Որոշ մարզեր, որոնք քիչ անտառային պետական տարածքներ ունեն, միավորվել են, օրինակ Երևանն ու Արմավիրի մարզը, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերը, Արարատի և Վայոց Ձոր մարզերը և այլն։


Ծառայությունն ունենալու է օպերատիվ կառավարման կենտրոն։ Անտառներում և բնության պահպանվող հատուկ տարածքներում լինելու են տեսանկարահանող սարքեր, ձայնային և ծխի տվիչներ, որոնց միջոցով առաջին ազդանշանը փոխանցվելու է օպերատիվ կառավարման կենտրոն։


«Կենտրոնի աշխատակիցներն իրենց էկրաններին արդեն տեսնելու են, թե որ էկոպարեկներն են տարածքին ամենամոտը և կարող են կանխել կամ հնարավորինս շուտ կասեցնել,օրինակ, հրդեհը կամ ապօրինի գործունեությունը։ Բոլոր տեղամասերն ունենալու են դրոններ։ Եթե անտառներից օպերատիվ կառավարման կենտրոն փոխանցվող ազդանշանը լինի խորը անտառմիջյան հատածից, և մեքենայով հասնելը երկար տևի, պարեկները փորձելու են դրոնով հասկանալ, թե ինչ է տարածքում կատարվում»,-ասաց Կիրակոսյանը։


Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակի ավարտին ունենան ամբողջական համալրված էկոպարեկային ծառայություն։


Անդրադառնալով հաստիքներով նախատեսված աշխատավարձերին, Կիրակոսյանը նշեց, որ կրտսեր էկոպարեկը (բարձրագույն կրթություն չի պահանջում, առկա է 36 հաստիք) կստանա 139,000 դրամ աշխատավարձ, ավագ էկոպարեկը՝ 322,000 դրամ, իսկ գլխավոր էկոպարեկը՝ 390,000 դրամ։