Վանքից գողացել են խաչը և գումար
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործրի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը:
Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Թ.-ից, ով հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքի դուռը ջարդելու միջոցով մտել են իր աշխատասենյակ և եկեղեցի ու այնտեղից հափշտակել գանձանակը:
Գոռ Թ.-ն նշված վանքի վանահայրն է։
Նշվում է, որ Վանքի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցի գործադրմամբ վնասելու եղանակով բացել են, մտել այնտեղ, գողացել 2 գանձանակները, ապա կախովի փականները կոտրելով, հափշտակել են հավաքված հանգանակության գումարը, ապա երկաթե լինգով բացել են մոմավաճառի սրահի լուսամուտը և այնտեղից գողացել մոտ 26 հազար դրամ և 25 հազար դրամի մետաղադրամ:
Այնուհետև բացել են քահանայի աշխատասենյակի դուռը և այնտեղից հափշտակել Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը:
Auroranews-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ քննիչները դեպքի վայրւմ անհրաժեշտ առաջնային գործողություներ են կատարում, միջոցներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Դետքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: