Վրաստանի իշխանությունները իմփիչմենթի գործընթաց են սկսել

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավորները 81 ստորագրություն են հավաքել երկրի Սահմանադրական դատարան ներկայացվող նոր հայցի համար, որը վերաբերում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից երկրի Սահմանադրության 52-րդ հոդվածի խախտմանը։ Համաձայն այդ հոդվածի՝ պետության ղեկավարն արտասահմանում ներկայացուցչական լիազորություններ պետք է իրականացնի կառավարության թույլտվությամբ:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հայցը Սահմանադրական դատարան կուղարկվի առաջիկա ժամերին։


Եթե Սահմանադրական դատարանը որոշում ընդունի, որով կհաստատվի նախագահի կողմից Սահմանադրության խախտման փաստը, ապա խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է նախագահ Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով իմփիչմենթի գործընթաց սկսելու՝ խորհրդարանական մեծամասնության որոշումը, հայտարարել է, որ Զուրաբիշվիլին պետք է պաշտոնը թողնի ոչ թե որպես նախկին նախագահ, այլ որպես պաշտոնաթող նախագահ։


«Գործող նախագահը պետք է պաշտոնաթող լինի իմփիչմենթով», - ասել է նա։


Կոբախիձեի խոսքով՝ Զուրաբիշվիլիի իմփիչմենթը խորհրդանշական բնույթ կկրի, քանի որ դեկտեմբերին լրանում է նրա նախագահական ժամկետը։

«Նախագահի նոր թեկնածուի հետ կապված քննարկումը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում տեղի կունենա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո», - ասել է վարչապետը։

Անցյալ տարվա հոկտեմբերին խորհրդարանական մեծամասնությունն արդեն սկսել էր Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը, սակայն քվեարկության ժամանակ այդ հարցը ձախողվեց ձայների անբավարարության պատճառով։