Բայդենը նամակ է հղել Ալիևին
ԱՄՆ-ն գոհ է տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, ինչը կկարգավորի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում, գրում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Ցանկանում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը, որը վերջնականապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը:
Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապի ավելացման համար»։
Բայդենն ընդգծել է, որ այն ֆոնին, երբ COP29 միջազգային համաժողովի կապակցությամբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Բաքվի վրա, Ադրբեջանը բացառիկ հնարավորություն ունի միջազգային հանրությանն ի ցույց դնելու իր հանձնառությունը խաղաղությանը:
ԱՄՆ նախագահը նամակը եզրափակել է․ «Ինչպես գիտեք, խաղաղության պայմանագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում բոլոր կողմերից: Բայց ես վստահ եմ, որ դուք կշարունակեք հանդիպումները, և ես կոչ եմ անում այս տարի վերջնականացնել պայմանագիրը:
Ուզում եմ իմ հանձնառությունը հայտել՝ աջակցելու այս հարցին։ Իմ վարչակազմը հավատարիմ է համարձակ նախաձեռնություններին, որոնք ճանապարհ կհարթեն դեպի խաղաղություն: Իմ խնդրանքով իմ հատուկ օգնական, Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը կտեղեկացնի կոնկրետ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել և կպարզի ձեր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ։ Հուսով եմ, կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանի համար ընդհանուր բարգավաճման և ընդհանուր բարօրության նոր ուղի գծելու համար»: