Միրզոյանը ՌԴ–ին շնորհակալություն է հայտնել
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանր Ռուսաստանի համապատասխան մարմիններին երախտագիտություն է հայտնել տարիներ շարունակ Հայաստան–Իրան սահմանային անցակետում ցուցաբերած աջակցության և ծառայության համար։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նա այդ մասին խոսել է Ստամբուլում` ելույթ ունենալով «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման ժամանակ։
«Զարգացնելով մեր սահմանային ծառայությունների և մաքսային հսկողության հնարավորությունները հարևանների հետ՝ Հայաստանի սահմանապահ ծառայությունը 2025 թ. հունվարի 1–ից ամբողջությամբ կստանձնի Հայաստան–Իրան սահմանային անցակետում գործողության ապահովումը։ Այս կապակցությամբ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և ծառայության համար»,– ասել է Միրզոյանը։
Նա անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և նշել` Իրանն այն երկրներից է, որ առաջինն է ողջունել ՀՀ կառավարության նախաձեռնած ծրագիրը։
Միրզոյանը վստահեցրել է, որ ունենալով փոխադարձ հանձնառություն՝ ընդլայնելու Իրանի հետ առևտրային և հաղորդակցային կապերը՝ Հայաստանը ձեռնարկում է ակտիվ գործնական քայլեր Հյուսիս–հարավ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, գնահատում է «Չաբահար» նավահանգստի օգտագործման առավելությունները, ինչպես նաև աշխատում է մեր երկրների միջև ճանապարհային վճարները փոխադարձաբար նվազեցնելու ուղղությամբ։