Վստա՞հ եք, որ պայմանագրից հետո Ադրբեջանը չի հարձակվի ՀՀ-ի վրա․ հարց՝ ՔՊ-ականին
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե վստահ են, որ «Խաղաղության պայմանագրից» հետո Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ ոչ, վստահ չենք։
«Դուք վստա՞հ էիք, որ Ռուսաստանը, լինելով Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, մի օր կհարձակվեր նրա վրա։ Հարցեր եք տալիս, որոնց պատասխանը մոլորակի վրա ոչ ոք չունի։ Մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում և թե ինչ կլինի վաղը, ոչ ոք չգիտի։ Մենք անում ենք ամեն բան, որ ՀՀ քաղաքացին ապրի խաղաղ իր տարածաշրջանում։ Թե հետագայում ինչ կլինի, կամ ինչ չի լինի՝ այստեղ չենք կարող գուշակություններով զբաղվել։ Մենք զբաղվում ենք ռեալ քաղաքականությամբ և անում ենք ամենը, որ չլինի որևէ էսկալացիայի վտանգ»,-նշեց պատգամավորը։
Նա նաև հայտարարեց, որ ՀՀ վարչապետը, որպես պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար, կարող է տիրապետել այնպիսի ինֆորմացիաների, որոնց մի մասը կարող են դառնալ քրեական վարույթներ, որոշները՝ ոչ։
Անդրադառնալով ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե չեն բացառվում հնարավոր ռազմական գործողությունները՝ իշխանական պատգամավորը նշեց, որ պատերազմի վտանգի վերացման մասին որևէ մեկը չի հայտարարել։
«Որևէ մեկը չի ասել, որ պատերազմի վտանգ չկա, բոլոր ռիսկերը վերացված են։ Քանի դեռ մենք չունենք «Խաղաղության պայմանագիր», այդ ռիկսերի մասին չպետք է մոռանալ, դրանց մասին պետք է խոսել։ «Խաղաղության պայմանագրին» վարչապետը երեկ մի քանի անգամ անդրադարձավ։ «Խաղաղության պայմանագրի» դրույթների հանրայնացումն այս պահին անհնար է, քանի որ գտնվում ենք բանակցությունների փուլում և կա ռեժիմ։ Ընդդիմության բարձրացրած մի շարք հարցադիմումներ բնավ չեն բխում իրականությունից։ Մենք մեր հանրության հետ կիսվել ենք բոլոր հնարավոր տեղեկություններով»,-հավելեց նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև երեկ ընդդիմության առաջնորդի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցչած հայտարարություններին և նշեց․ «երեկ ընդդիմության առաջնորդը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե ՀՀ-ն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իբր «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել»։
«Դա ասաց այն ընդդիմության առաջնորդը, ում նարատիվները ամբողջությամբ հղում են արվում ադրբեջանական պահանջների վրա: Արձանագրենք, որ Ադրբեջանն է ասում, որ ՀՀ-ն նման պարտավորություն է վերցրել, ասում է ընդդիմությունը, ու ասում է ընդդիմության առաջնորդությունը ստանձնած «գողական» եկեղեցականը: Սա խեղկատակություն է, տվյալ անձնավորությունն ապազգային, հակապետական գործունեություն է վարում»,- ասաց Հովհաննիսյանը:
Ծովինար Վարդանյանն էլ հավելեց, որ ընդդմությունը ստանձնել է Ադրբեջանի խոսնակի դերը: