Ռուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ Լավրով
Ռուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրում, բայց միևնույն ժամանակ բոլորը հասկանում են, որ ուկրաինացիներն իրենք չեն կարողանա օգտագործել Կիևին մատակարարվող հեռահար զինատեսակները, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Էսկալացիա չկա, ճիշտ եք ասում, խաղում են։ Կարծես թե իրոք երեխայի մտածելակերպ ունեն։ Թեև այդ մեծահասակները պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում՝ նախարարներ, վարչապետներ, կանցլերներ, նախագահներ»,- ասել է նա Sky-ին տված հարցազրույցում։
Նախարարը նշեց, որ մի քանի ամիս է՝ քննարկվում է, որ Ռուսաստանը միայն «սպառնում է» և խոսում «կարմիր գծերի» մասին, որոնք ամեն անգամ անցնում է Արևմուտքը, որից հետո ոչինչ չի լինում։
Միևնույն ժամանակ, հավելել է Լավրովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևին թույլ տալով հեռահար զենքեր կրակել Ռուսաստանի Դաշնության վրա, կնշանակի ՆԱՏՕ-ի պատերազմ Ռուսաստանի Դաշնության դեմ։
Պուտինն ավելի վաղ ասել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները ոչ միայն քննարկում են Կիևի կողմից արևմտյան հեռահար զենքի հնարավոր կիրառումը, այլ իրենք են որոշում՝ անմիջականորեն ներգրավվե՞լ ուկրաինական հակամարտությանը:
Արևմտյան երկրների անմիջական մասնակցությունն ուկրաինական հակամարտությունում կփոխի դրա էությունը, Ռուսաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել՝ ելնելով իր հասցեին այդ կերպ ստեղծված սպառնալիքներից. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ռուսաստանի տարածքի վրա նոր հարձակումներին Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին հարցին, նշել է, որ այդ մասին գիտեն պետության ղեկավարն ու զինվորականները, «ովքեր ձեռնարկում են համապատասխան հակաքայլեր և պատրաստվում դրանց»: