Թյուրքական երկրներն ընդունել են միասնական այբուբեն. այն ունի 34 տառ

Սեպտեմբերի 9-ից 11-ը Միջազգային թյուրքական ակադեմիայի և Թուրքիայի լեզվաբանական ընկերության կողմից Բաքվում կազմակերպվել էր ընդհանուր թյուրքական այբուբենի հանձնաժողովի երրորդ նիստը։ Այս մասին հայտնում է TRT–ն:


Նշվում է, որ կայացած հանդիպմանը քննարկվել է լատինատառ այբուբենի վրա հիմնված ընդհանուր թյուրքական այբուբենի նախագիծը, որն առաջարկվել էր դեռևս 1991 թվականին։


Քննարկումների արդյունքում ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել 34 տառից բաղկացած ընդհանուր թյուրքական այբուբենի վերաբերյալ։


Թուրքական ակադեմիան ընդգծել է այս իրադարձության պատմական նշանակությունը։ «Ընդհանուր թյուրքական այբուբենի զարգացումը նպաստում է թյուրք ժողովուրդների միջև փոխըմբռնմանը և համագործակցությանը` պահպանելով նրանց լեզվական ժառանգությունը», - ասվում է հայտարարության մեջ:


Կազմակերպիչները երախտագիտություն են հայտնել թյուրքական պետությունների կառավարություններին և հանձնաժողովի անդամներին այբուբենի մշակման գործընթացում ներդրած ավանդի համար։ Բոլոր համապատասխան կառույցներն այժմ հրավիրված են ակտիվորեն աջակցելու ընդհանուր թյուրքական այբուբենի իրագործմանը:


Թուրքական ակադեմիայի կենտրոնակայանը, որը համակարգել է այս նախագիծը, գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

Պատահարներ