Եթե քաղաքական կամք լինի Թուրքիայից, կարող ենք հենց վաղը կարգավորված հարաբերություններ ունենալ․ Ռուբինյան

ՀՀ կառավարությունների համար պատմությունը երբեք էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ռազմավարության մաս չի եղել։ Այս մասին այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։


Նա հավելեց՝ ունենք պատմություն և հիշում ենք մեր պատմությունը, միշտ էլ հիշելու ենք այն։ Աշխարհում կա կարծիք, թե այս պատմությունն է պատճառը, որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ կամ բաց սահմաններ։


«Իրականում ներկայիս ՀՀ կառավարության ու 1991թ․ սկսած բոլոր կառավարությունների համար պատմությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ռազմավարության մաս չի եղել։ Մենք միշտ պատրաստ ենք եղել ու հիմա էլ պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, բաց սահմաններ։ Եթե քաղաքական կամք լինի նաև թուրքական կողմից, մենք կարող ենք հենց վաղն էլ լիարժեք կարգավորված հարաբերություններ ունենա»,- հայտարարեց նա։


Ռուբինյանի խոսքով` գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանի համար հաղորդակցությունների հարցը բավականին բարդ է, ու սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։


«Այսօր մենք պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական փակուղուց վերափոխել խաղաղության խաչմերուկի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հաղորդակցությունները չպիտի դառնան աշխարհաքաղաքական մրցակցության պատանդ»,- հայտարարեց Ռուբինյանը։


Նա հավելեց՝ անհրաժեշտ է փոխել բացասական դինամիկան, կառուցել խաղաղություն և գործընկերություն։

Քաղաքականություն