Մակրոնի այդ որոշումը վտանգի տակ է դնում երկիրը․ RS

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ նախկին եվրահանձնակատար Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու որոշումը կարող է բացասաբար ազդել Ուկրաինային ֆրանսիական օգնության վրա՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորումից» նոր կառավարության կախվածության պատճառով, գրում է ամերիկյան Responsible Statecraft ամսագիրը:


«Այդ որոշումը վտանգի տակ է դնում երկիրն ավելի մեծ խառնաշփոթի տանելու, որը կխաթարի Ուկրաինայի աջակցությունը», - ասվում է հոդվածում։


Պարբերականի կարծիքով՝ կառավարության ղեկավարի դիրքորոշումներն ամբողջությամբ կախված կլինեն «Ազգային միավորման» առաջնորդի բարեհաճությունից։ Առանց աջերի օգնության Բարնիեին անվստահության քվե է սպառնում ձախերի «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքի կողմից։ Այսպիսով, Մարին Լե Պենը, որը հանդես է գալիս Ուկրաինայի հակամարտությանը Ֆրանսիայի ակտիվ միջամտության դեմ, կկարողանա Փարիզին թելադրել իր պայմանները, նշել են RS-ում:


Բացի այդ, ինչպես ընդգծել են հոդվածի հեղինակները, «Հանրապետականներ» խորհրդարանական ոչ պոպուլյար կուսակցությունից վարչապետի նշանակումը միայն կվատթարացնի ֆրանսիացիների կարծիքը Մակրոնի եւ նոր կառավարության ցանկացած նախաձեռնության մասին, ներառյալ Ուկրաինային ակտիվ օգնությունը:


«Կիևին օգնությունը կարող է դառնալ Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետ նշանակելու որոշման առաջին զոհը», — ամփոփված է հոդվածում:


Անցած շաբաթ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից 60 օր անց, Մակրոնը կառավարության նոր ղեկավար է նշանակել 73-ամյա Բարնյեին: Նա դարձավ այս պաշտոնում ամենատարեց քաղաքական գործիչը  փոխարինելով Հինգերորդ հանրապետության ամենաերիտասարդ վարչապետին՝ 35-ամյա Գաբրիել Աթալին:


Մինչ այդ Մակրոնը բացառել էր «Նոր Ժողովրդական ճակատ» ձախերի կոալիցիայի մասնակցության հնարավորությունը ձևավորվող կառավարությունում, չնայած դաշինքի հաղթանակին խորհրդարանի արտահերթ ընտրություններում՝ երկրի Ազգային ժողովի 577 տեղերից 182-ով: Նա պարզաբանել է, որ նման որոշումն ընդունվել է ինստիտուցիոնալ կայունության շահերից ելնելով, քանի որ կուսակցությունների առաջնորդների հետ նախագահի խորհրդակցությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ ձախերի կառավարությանը միանգամից անվստահության քվե է տրվելու: Այսպիսով, նա մերժեց Ձախերի առաջարկած Լյուսի Կաստեի թեկնածությունը։



Քաղաքականություն