Ես բացառիկ ՄԻՊ-երից եմ. Անահիտ Մանասյան
Ես կխնդրեմ այդ հարցերը տիկին Վարդապետյանին ուղղել, քանի որ ես իրավասու չեմ պատասխանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունից մատուցված ճաշին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասնակցությունը խոչընդոտ չի առաջացնի անաչառ գործունեություն իրականացնելու համար:
«Սա իմ գնահատման հարցը չէ, այլ մարմիններ կան, որոնք շահերի հարցն են քննարկում։ Սոցիալական և պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում, և բոլոր պաշտոնատար անձինք հաճախ սոցիալական նախաձեռնությունների ու միջոցառումների ժամանակ հավաքվում են և միասին մասնակցում միջոցառումների։ Խոսքը պաշտոնական բարեկամական ճաշի մասին էր՝ տարբեր երկրներից եկած հյուրերի մասնակցությամբ», - ասաց Մանասյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ ինքը, լինելով ՄԻՊ, մտազուգորդվում է ՔՊ-ի հետ, Մանասյանն ասաց.
«Ես բացառիկ ՄԻՊ-երից եմ, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չեմ, և իմ օրվա հիմնական մասը չի անցնում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներով, այլ անցնում է քաղաքացիների հետ շփումներով։ Գրեթե շաբաթ չկա, որ ես չլինեմ որևէ գյուղական բնակավայրում, խնամքի հաստատություններում: Ես անձնապես սոցիալական նախաձեռնությունների ոչ միայն հեղինակ եմ, այլ նաև մասնակից, և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ անձնապես սոցիալական նախաձեռնություն եմ իրականացնում», - ասաց նա։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ճաշել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար արտերկրից Հայաստան ժամանած հյուրերի հետ։ Նրան ուղեկցել էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։