Դա նույնն է, որ օդանավ պատվիրենք, ասենք՝ պոչը պետք չի մեզ․ Փաշինյան

ՏԿԵՆ-ն առաջարկում է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման, նախագծերի, փորձաքննությունների, տրանսպորտային օբյեկտների, ինչպես նաև ավարտված օբյեկտների համար գումար հատկացնել: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 5-ին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:


«3 մլրդ 400 մլն դրամ է վերաբաշխվող գումարը, որի մեջ ներառված են 8 հիմնանորոգվող օբյեկտ, 3 տրանսպորտային օբյեկտ, 3 նախագիծ և 5 օբյեկտներ, որոնք ավարտվել են և պետք է վճարվեն»,- ասաց նա:


Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր քաղաքականությունը հետևյալն է, և դա ճիշտ քաղաքականություն է, մենք ըստ էության ճանապարհի հիմնանորոգումը ձգում ենք մինչև այն հնարավոր կետը, որ ճանապարհը շատ թե քիչ կարող է ծառայել: Բայց նաև շատ կարևոր է, որ երբ որ այդ գիծն անցավ՝ հիմնանորոգման ժամանակն է եկել, մենք միջանկյալ ինչ-որ ձևերով այդ ճանապարհներին նորմալ անցանելիությունն ապահովենք»:


Կառավարության ղեկավարի խոսքով՝ ճանապարհների մասով նաև շատ կարևոր է, որ գյուղական ճանապարհներ նախագծելիս գծանշումները պարտադիր ներառվեն:


«Բոլոր ճանապարհները, որոնք լավ վիճակում են, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում, պետք է գծանշել: Ես հավատում եմ և տեսնում եմ, որ դա մթնոլորտի էական փոփոխություն է, որովհետև դա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ: Դա էլ էլի կրթության և սոցիալ-հոգեբանության փոփոխության մաս է: Ես ակնկալում եմ, որ մենք չունենանք ընդհանրապես առանց գծանշման ճանապարհ, առավել ևս՝ նորոգված, միջին նորոգված կամ հիմնանորոգված:


Նայում ես՝ նորմալ ուղիղ ասֆալտ է, բայց տպավորություն չկա, որ նոր ճանապարհ է, այսինքն մենք արտաքին տեսքի վրա պետք է ուշադրություն դարձնենք: Ես խնդրում եմ բացառել նման բանը, որ նախագծի մեջ գծանշում չենք նախատեսել: Այն ինչ առանց դրա է՝ ճանապարհ չի, եկեք ուրիշ բան դնենք անունը՝ կածան. դա նույնն է, որ օդանավ պատվիրենք, ասենք՝ պոչը պետք չի մեզ, առանց պոչի թող թռնի, չի լինում տենց»,- ասաց վարչապետը:


Նշենք նաև, որ վերաբաշխված գումարի շրջանակում վերանորոգվելու է Սպիտակից Վանաձոր տանող ճանապարահահատվածի՝ 11,9 կիլոմետրը, որը նախատեսված է այս տարի ավարտել, ինչպես նաև Նոր Հաճընից Աբովյան տանող ավտոճանապարհի, այն է՝ Հրազդան գետի վրայով անցնող կամրջի վերանորոգումը:

Քաղաքականություն