Որքան է կազմում Հայաստանի պետական պարտքը 2024-ի առաջին կիսամյակում
2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի պետական պարտքը հասել է 12 միլիարդ 157 միլիոն դոլարի։ Այս մասին Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Այսինքն, ըստ նրա, խոսքը 4 տրլն. 718 մլրդ դրամի մասին է։
«Մեր ցուցանիշները կառավարելի են։ Հատկանշական է, որ մարման միջին ժամկետը տարեսկզբի համեմատ փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 7,1 տարվա։ Եվ սա այն դեպքում, երբ մեր թիրախը 7-10 տարին էր»,- ասաց Հովհաննիսյանը։
Սա, ինչպես նշեց նախարարը, պայմանավորված է վերջին տարիների քաղաքականությամբ։ Մասնավորապես՝ ավելի կարճաժամկետ պետական պարտատոմսերի թողարկման վերաբերյալ, որը պայմանավորված էր տոկոսադրույքների բարձրացմամբ։
«Ռիսկերը կառավարելի են։ Փոխարժեքի հետ կապված ռիսկերը կառավարելի են, քանի որ ներքին պարտքի տեսակարար կշիռը հետևողականորեն աճում է և ներկայումս կազմում է 50,7 տոկոս»,- հավելեց նախարարը։
Միաժամանակ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկա տարիներին պարտքի սպասարկման պատճառով բեռը կավելանա։ Մասնավորապես, հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է մարումներ կատարել ավելի քան 300 մլն դոլար արժողությամբ եվրոպարտատոմսերի գծով։