Սոթքում կրկին ոսկի են արդյունահանում, բայց արդեն փակ եղանակով. մանրամասներ

Սոթքի ոսկու հանքավայրում վերսկսվել է արդյունահանումը, այժմ արդեն փակ եղանակով: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը Mining Armenia համաժողովի ժամանակ, որը Ծաղկաձորում անցկացրել է Հայաստանի լեռնամետալուրգիական ձեռնարկությունների միությունը: Փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։


Փոխնախարարը հավելել է, որ ամենայն հավանականությամբ` հանքը տարեկան 400 հազար տոննա նախագծային հզորությանը կհասնի 2025 թվականի երկրորդ կեսին, իսկ ներկայում այն աշխատում է տարեկան 100-150 հազար տոննային համարժեք հզորությամբ և շարունակում է ենթակառուցվածքները կարգավորել։


Մինչև 2023 թվականի մայիս հանքը շահագործվում էր բաց եղանակով, սակայն արդյունահանումը դադարեցվել էր ադրբեջանական կողմի մշտական գնդակոծություններից հետո։


Փոխնախարարը նշել է, որ կանգի գլխավոր պատճառը երկրի մակերևույթին մոտ գտնվող պաշարների սպառումն էր․ մնացած պաշարներն այնպիսի դիրքում են, որ ավելի շահավետ է շահագործել հանքի ավելի խոր շերտերը։


«Այնպես որ, պատճառները զուտ տնտեսական են»,-հայտարարել է փոխնախարարը:


Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանքի համար տնտեսական կորուստների գնահատում իրականացվել է 2020 թվականից հետո (երբ դրա մի մասն անցավ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ), Հարությունյանը պատասխանեց, որ նման գնահատումներ հնարավոր կլինի անել միայն այն ժամանակ, երբ պետական սահմանը գծվի և պարզ դառնա, թե ինչն է մնացել հայկական, իսկ ինչը՝ ադրբեջանական կողմում:


Աշխատատեղերի մասին հարցին փոխնախարարը պատասխանեց, որ ներկայում հանքում մոտ 200 մարդ է աշխատում, նախագծային հզորությանը հասնելու դեպքում նրանց թիվը կհասնի 500-ի:


«Նախկինում կրճատվել է, որքան հիշում եմ, 300-400 մարդ, բայց 300 աշխատող հետ կընդունվի»,-հավելել է նա: