ԱՄՆ–ն ՀՀ–ում հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու հարցով
Ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Գերատեսչությունը չի նշում ամերիկյան ընկերության անվանումը։
«Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե որ արտադրողի տեխնոլոգիան է առավելապես հարմար Հայաստանի կարիքների բավարարմանը, և թե Հայաստանի պարագայում ինչ տեխնոլոգիա և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»,– ասված է նախարարության պատասխանում։
Նշվում է նաև, որ հետազոտությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը։
Հուլիսի 3-ին «ՀՀ–Արևելյան գործընկերություն–ԵՄ. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովի ժամանակ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հետ կապված` ԱՄՆ–ի հետ մտել են առարկայական փուլ, և որ ԱՄՆ–ի հետ քննարկվում է իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը։
Այս հայտարարությունից 1 շաբաթ անց` հուլիսի 10-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն աջակցում է ատոմակայանի կառուցման ծրագրին, բայց իրագործման կոնկրետ ժամկետ չի կարող հայտնել։
Հաշվի առնելով, որ Հայաստանը ԱԷԿ–ի կառուցման նաև այլ առաջարկներ է ստացել մի շարք երկրներից` ՏԿԵՆ–ին նաև հարցրել էին, թե ՀՀ–ին արված տարբեր տիպի ու տարբեր հզորությամբ կայանների առաջարկներից որ երկրի և որ տարբերակն է ընտրվել կառուցման համար։
Նախարարությունից հայտնել են, որ Հայաստանը բանակցում է մի շարք երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ–ն, ՌԴ–ն, Կորեան, Չինաստանը և Ֆրանսիան։
Նշենք, որ ռուսաստանյան «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն այժմ Մեծամորի ԱԷԿ-ի միակ գործող`2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով (մինչև 2036 թ․) երկարացնելուն ուղղված աշխատանքներ է իրականացնում։
Դրանց ընթացքում նախատեսվում է գնահատել ռեակտորի մետաղի հատկությունների փոփոխությունները։ Այդ նպատակով «Ռոսատոմ Սերվիսը» դիտարկող նմուշներ է տեղադրել ռեակտորի կորպուսում, որոնցից ստացված տվյալները 2025 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ենթարկվելու են լաբորատոր փորձաքննության։
Դրական արդյունքների դեպքում 1979թ–ին շահագործման հանձնված Մեծամորի ԱԷԿ–ը կարող է ծառայել առավելագույնը մինչև 2036թ–ը։ Մինչ այդ Հայաստանը պետք է հասցնի նոր ատոմակայան կառուցել երկրի էներգետիկ անվտանգությունը չվտանգելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ նախագահը՝ եկամտահարկի վերադարձի սահմանափակման մասին
Եկամտահարկի վերադարձի սահմանափակման մասին օրենքի կիրառումն այս պահին էական ռիսկեր չի առաջացնում ֆինանսական համակարգի համ...
ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը
2024 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ կառավարության ներքին պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը (50,7 %/4...
Երբ կարող է սկսվել Ամուլսարի հանքի շահագործումը․ պարզաբանում են ԵԱԶԲ-ից
Ամուլսարի հանքի շահագործումը կարող է սկսվել 2025 թվականի գարնանը։ Sputnik Արմենիայի և «Արմինֆո» գործակալության հետ զրույ...
Պատմական ռեկորդային անկում․ համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է
Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը՝ Nikkei-ը, սակարկություն...