ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտահանող բեռնատարների վարորդները Երևանում բողոքի ակցիա են իրականացնում
Հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում (Չարբախ)։ Նրանց նպատակն է կառավարության ուշադրությունը հրավիրել ոլորտում առկա խնդիրների վրա։
«Բեռնափոխադրման մեջ կա արտահանման և ներմուծման արժեք, տարբեր երկրներում տարբեր են արժեքները, մի երկրում մեկն է թանկ, մյուսն է էժան, մի արժեքը մյուսին ծածկում է։ Մեր երկրում արտահանումը շատ էժան է՝ կոպեկներ է, ներմուծումն է արժեքը փակում։ Իսկ Վրաստանում արտահանումն է թանկ, ներմուծումն է էժան»,- նշում է բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ալեքսան Հովակիմյանը։
Ասում է՝ իրավիճակը, այսպես ասած, վերահսկողությունից սկսեց դուրս գալ, երբ Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում սկսեցին բացել վրացական բեռնափոխադրման կազմակերպություններ, թուրք վարորդներ բերեցին ու Վրաստանի բեռնափոխադրող մյուս ընկերությունների հետ միասին իրենք էլ հայաստանյան շուկա մտան որպես երրորդ երկրների բեռնափոխադրողներ։
«Դրան գումարվում է նաև թուրքական բեռնափոխադրողների կողմից իրականացվող երկրորդ երկրների բեռնափոխադրումը՝ Թուրքիայից Հայաստան ուղղությամբ։ Մենք չենք կարողանում մտնել իրենց երկիր, բացի այդ, թուրքական մեքենաները գնում են թուրքական տարբեր մարզեր, նրանք էլ են կատարում երրորդ երկրի բեռնափոխադրում, ու դա անում են շատ մատչելի գներով։ Իրենց ձեռք է տալիս, գալիս են, Հայաստանում դատարկում են, Գյումրիով, Ախալքալաքով դուրս են գալիս Թուրքիա։ Նրանց միացել են ղրղզները․ գալիս են Ռուսաստան, բեռը դատարկում են, էնտեղից բեռը վերցնում են դեպի Հայաստան, Հայաստանում բեռնաթափում են և նույն ճանապարհով` դեպի Թուրքիա։ Նրանց միացել են բելառուսները»,- ասում է Հովակիմյանը։