ՌԴ-ի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 1999 թվականից ի վեր առաջին անգամ նվազել է 5 մլրդ եվրոյից
Այս տարվա հունիսին Ռուսաստանի և Եվրամիության (ԵՄ) միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 4,9 միլիարդ եվրո՝ ամսական կտրվածքով կրճատվելով 10 տոկոսով։
Սա ամենացածր ցուցանիշն է 1999 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ ապրանքաշրջանառությունը կազմում էր 4,6 մլրդ եվրո, գրում է РИА Новости-ն` հղում անելով Եվրոպական վիճակագրական վարչությանը։
Եվրոստատը նշում է՝ հունիսին առևտրի ամենամեծ անկումը գրանցվել է Պորտուգալիայի հետ՝ 4,3 անգամ՝ մինչև 13,2 միլիոն եվրո, ինչպես նաև Չեխիայի և Իռլանդիայի հետ՝ մոտավորապես երկու անգամ՝ համապատասխանաբար մինչև 121,5 և 41,5 միլիոն եվրո։ Միաժամանակ հունիսին որոշ երկրների հետ ապրանքաշրջանառությունն աճել է։ Այսպիսով, Բուլղարիայի և Ռումինիայի հետ առևտուրն աճել է 15%-ով և կազմել համապատասխանաբար 55,8 և 12,3 մլն եվրո։ Առևտրաշրջանառությունն աճել է նաև Նիդեռլանդների (+10%) և Խորվաթիայի (+7%) հետ։
Բացի դա հունիսին ԵՄ ռուսական ապրանքների մատակարարումները մայիսի համեմատ նվազել են 14%-ով և կազմել 2,5 մլրդ եվրո, սա նվազագույն ցուցանիշն է 1999թ.-ից ի վեր։
Եվրամիություն ռուսական արտահանման հիմնական մասը կազմում են գազը (1,1 մլրդ եվրո), նավթն ու նավթամթերքը (333 մլն եվրո), ինչպես նաև երկաթն ու պողպատը (164 մլն եվրո):
Միևնույն ժամանակ, եվրոպական արտադրանքի մատակարարումները Ռուսաստան հունիսին ամսական կտրվածքով նվազել են 5%-ով՝ մինչև 2,4 մլրդ եվրո: