Այնտեղ չկա պաշտպանիչ գմբեթ, պարզապես սովորական տանիք է, ռեակտորի միջուկը բավականին խոցելի է. ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը՝ Կուրսկի ԱԷԿ–ի մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Կիև կմեկնի Կուրսկի ատոմակայան այցից հետո, որը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Այնտեղ նա նախատեսում է բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռաֆայել Գրոսսին կրկնել է, որ չափազանց անհանգստացած է Կուրսկի ատոմակայանի մոտ տեղի ունեցող բախումներով, քանի որ գործող հին խորհրդային ռեակտորները, ըստ նրա, հատկապես խոցելի են։
«Նրանք չունեն պաշտպանիչ գմբեթ, պարզապես սովորական տանիք է, ինչը նշանակում է, որ ռեակտորի միջուկը բավականին խոցելի է: Եվ եթե հաշվի առնեք այն փաստը, որ դուք ունեք առաջխաղացող զորքեր, օբյեկտիվորեն ասած, հրետանու հասանելիության տիրույթում, ապա, իհարկե, սա մեծ անհանգստության առիթ է ինձ և գործակալության համար»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։
Կուրսկի ԱԷԿ-ը գտնվում է Կուրչատով քաղաքում՝ Կուրսկ քաղաքից 40 կմ դեպի արևմուտք։ Օգոստոսի 6-ից Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջաններում շարունակվում են բախումները ուկրաինական բանակի հետ։ Օգոստոսի 17-ին «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Ռաֆայել Գրոսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ «տեղեկություններ են հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից մոտալուտ սադրանքի մասին» Կուրսկ և Զապորոժիե ատոմակայանների ուղղությամբ: Նա ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին խնդրել է այցելել ատոմակայան՝ գնահատելու անվտանգության ռիսկերը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ օգոստոսի 22-ին, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի ատոմակայանի վրա հարձակվելու փորձի մասին։