ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սոցցանցերում կրկին տարածվում են կորցրած գումարների վերադարձ խոստացող կեղծ գովազդներ
Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ, որոնք խոստանում են օգնել վերադարձնել կասկածելի ներդրումներում կորցրած գումարները: Այս գովազդներում հաճախ օգտագործվում են հայտնի անձանց կեղծված տեսանյութեր, իսկ վերջերս նաև՝ հայկական անուններ և դեմքեր՝ վստահություն ներշնչելու նպատակով:
Մասնավորապես՝ Meta-ի հարթակներում տարածվող գովազդներում օգտագործվում են հայկական արտաքինով մարդկանց լուսանկարներ և անուններ: Օրինակ, ակտիվորեն տարածվող գովազդներից մեկում ներկայացված է «Անգելինա Գասպարյան» անունով կին, մեկ այլում՝ «Գևորգ Բադիշյան» անունով տղամարդ: Պնդում է արվում, թե նրանք իրավաբանների միջոցով վերադարձրել են ներդրումներում կորցրած իրենց դրամական միջոցները:
Սակայն, իրականում այս լուսանկարները գողացված են համացանցում հայազգի անձանց օգտահաշիվներից, իսկ անունները հորինված են։
«Գևորգ Բադիշյան» անունով ներկայացված տղամարդու լուսանկարում պատկերված անձը իրականում Արմեն Ազարյանն է, իսկ «Անգելինա Գասպարյանն» էլ իրականում Թամարա Դանիելյան է: Երկուսն էլ որևէ կապ չունեն այս խարդախության հետ:
#CivilNetCheck-ի հետ զրույցում Թամարա Դանիելյանը հայտնեց, որ իր լուսանկարն օգտագործվել է առանց իր իմացության և թույլտվության. «Oգոստոսի 13-ին նկատեցի, որ իմ լուսանկարն օգտագործվում է կեղծ գովազդներում: Սկսեցի բողոքարկել (Report) այդ գրառումները և խնդրեցի ընկերներիս նույնպես անել դա»։
Թամարան նշեց, որ երբեք ներդրումներում գումար չի կորցրել և չի վերադարձրել: Նա կոչ արեց առավել զգույշ լինել սոցիալական ցանցերում։
«Զարմանալի է, որ մարդիկ հավատում են այդ կեղծ հրապարակումներին: Օգտահաշիվն ակնհայտորեն կեղծ է՝ չկա հեռախոսահամար, անհասկանալի է, թե ովքեր են դրա հետևում կանգնած անձնակազմը, ղեկավարությունը, և նույնիսկ պարզ չէ, թե ինչ ընկերություն է»,- նշեց նա:
Տարածվող այս կեղծ գովազդները տանում են դեպի legallawyer.agency/am կայք, որը ներկայանում է որպես իրավաբանական ծառայություններ տրամադրող ընկերություն:
Սակայն կայքը չի պարունակում որևէ տեղեկություն ընկերության մասին, ինչն ինքնին հնարավոր խարդախության «կարմիր դրոշակ» է:Զեղծարարների կայքի այս դոմեյնը, ինչպես և կեղծ գովազդներ տեղադրող ֆեյսբուքյան էջը ստեղծվել են ընդամենը շաբաթներ առաջ։ Դրանցում առկա չեն կոնտակտային տվյալներ և համապատասխան բովանդակություն, գրառումներ։ Ավելին նման գովազդներ տարածող «Legal assistance in Armenia» անունով էջում որպես հասցե նշված է՝ Բաքու, Ադրբեջան։
Ուշագրավ է, որ նույն դոմենի վրա legallawyer.agency/az հասցեով առկա է մեկ այլ կայքէջ, որը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիներին: Այդ կայքէջն առավել շատ բովանդակություն է պարունակում և անգամ հասցե ու ընկերության անվանում, սակայն դրանք ևս կեղծված են:Սա փաստում է, որ այլ երկրներում գործող ռուսախոս խարդախները թիրախավորում են հետխորհրդային երկրների քաղաքացիներին՝ ենթադրաբար, օգտվելով այդ երկրներում ռուսերենի իմացությունից։
Կայքում միակ հնարավորությունը անձնական տվյալներով հայտ լրացնելն է՝ «խորհրդատու-իրավաբանի» զանգի համար: CivilNet-ը լրացրեց հայտը և շուտով զանգ ստացավ արտերկրից, այնուհետև՝ մի քանի զանգ հայաստանյան բջջային համարներից: Բոլոր դեպքերում «խորհրդատու-իրավաբանի» դերում հանդես էր գալիս ռուսախոս զեղծարարը, որը պնդում էր, թե մեկ տարի առաջ առցանց ներդրումներում կորցրած գումարները հնարավոր է վերադարձնել: