Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել. ԱՆ

Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:



«Օգոստոսի 14-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի աճով, ինչպես նաև՝ սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսի նոր շճախմբի տարածմամբ:


Ի՞նչ է կապիկի ծաղիկը

Այն վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի որոշ երկրներում:

Վիրուսը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելուց, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝ մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով:

Գաղտնի շրջանը 5-21 օր է:

Ախտանշանները՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:

Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, որը սկսվում է դեմքի շրջանից, ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում, շատերը վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը 0-11%):

Ապացուցվել է, որ նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85 տոկոսով արդյունավետ է նաև կապիկի ծաղիկ հիվանդության համար։ Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված երկու պատվաստանյութ օգտագործվում է այս հիվանդության դեմ:

Ինչպե՞ս կանխարգելել.

Լինել իրազեկված.

Միսը և մսամթերքը ենթարկել բավարար ջերմային մշակման.

Պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները.

Բացառել ցանավորում ունեցող անձանց հետ շփումը.


Աֆրիկա ճամփորդելիս կամ այնտեղից վերադարձած անձի հետ շփումից հետո մաշկի ցանավորման և այլ ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել վարակաբանի»,- նշված է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ 2024 թվականին Պակիստանում հաստատվել է կապիկների ջրծաղիկի վիրուսով վարակման առաջին դեպքը, որը տարածվել է աֆրիկյան մի շարք երկրներում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հարավասիական երկրի առողջապահության նախարարությանը։

Նաև երեկ Շվեդիայում ախտորոշվել է Աֆրիկյան մայրցամաքի սահմաններից դուրս հայտնաբերված կապիկի վարակի առաջին դեպքը։

Քաղաքականություն

Պատահարներ