Որքան փոխհատուցում կստանան աղետի հետևանքով անասուններ կորցրածները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության այսօրա նիստին ներկայացրեց, թե որքան աջակցություն կստանան Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքո անասուններ, ցանքատարածություններ, պտղատու ծառեր ու բույսեր կորցրածները։
«Նախագծով աջակցություն է տրամադրվում համայնքների տնտեսությունների գրքերում հաշվառված խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում նաև «Անի Պաս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված կենդանիների համար գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ Օրինակ՝ մեկ գլխի համար ցուլ՝ 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար դրամ, խոզ՝ 100 հազար դրամ, խոճկոր՝ 400 հազար դրամ, ոչխար և այծ՝ 50 հազար դրամ, գառ՝ 40 հազար դրամ, ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար դրամ, ճագար՝ 3 հազար դրամ, հավ՝ 2․5 հազար դրամ, բադ՝ 4 հազար դրամ, սագ՝ 5 հազար դրամ, հնդկահավ՝ 7 հազար դրամ, մեղվափեթակ՝ 60 հազար դրամ, ծիծածանափայլ իշխանի մայրական կազմ՝ 1 հատը 2․4 հազար դրամ»,- ներկայացրեց նախարարը։
Նա նշեց, որ համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված կենդանիների դեպքում գնահատված արժեքի 50 տոկոսի չափով, բացառությամբ՝ խոշոր եղջերավոր կենդանիների և ծիծածանափայլ իշխանի մայրական կազմի, դրանք հաշվառված չլինելու դեպքում փոխհատուցում չի տրամադրվում։
Պապոյանը հայտնեց, որ տնամերձ հողամասերին անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում կտրամադրվի 150 հազար դրամ՝ միանվագ։
«Գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա պտղատու ծառեր, հատապտղի թփեր մշակված լինելու և ցանքեր իրականացնելու դեպքում անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայության պայմաններում գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ Օրինակ՝ մեկ հատի հաշվով աղետի հետևանքով ոչնչնացված պտղատու ծառը՝ 8500 դրամ, աղետի հետևանքով վնասված պտղատու ծառը՝ 1500 դրամ, պտղատու տնկանյութի դեպքում՝ 300 դրամ, մեկ քառ․ մետրի հաշվով հատապտի թուփը՝ 450 դրամ։
Հացահատիկային և հատիկաընդեղեն՝ 1 հեկտարի հաշվով՝ 350 հազար դրամ»,- նշեց Պապոյանը։
Ամփոփելով կրած վնասները նախարարը ներկայացրեց թվեր․
«Ըստ նախնական վնասների գնահատման արդյունքների՝ կորսված և անկած խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը նախնական 400 գլուխ է, թռչուններ, ճագարներ և այլն՝ 2413, ոչնչացված կամ կորսված բերքատու ծառերը՝ 10248, ոչնչացված ցանքատարածությունները՝ 25,1 հեկտար»։