ՊԵԿ-ը արդեն ծանուցումներ է ուղարկում, իսկ հետո նաև կտուգանի հայտարարագիր չներկայացրած անձանց

2022 թվականին Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում, համաձայն որի` Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները ինչ-որ պահից հարկային մարմիններին պետք է իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնեն։


Գործընթացը տեղի է ունենալու փուլ առ փուլ՝ 2023, 2024 և 2025 թվականներին։ Առաջին փուլում 2023 թվականի եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցնում են համայնքային կամ պետական պաշտոններ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան։

Բացի այդ, առաջին փուլում ընդգրկվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների մասնակից (բաժնետեր, բաժնային սեփականատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները, ովքեր 2022 թվականի արդյունքներով հայտարարագրել են 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում են իրական շահառու, ինչպես նաև նրանք, որոնք 2023 թվականին ստացել են 20 մլն դրամ եւ ավելի փոխառություն: Այս անձանց թիվը կազմում է մոտ 120 հազար, և նրանք պետք է մինչև հուլիսի 22-ն արդեն ներկայացրած լինեին իրենց հայտարարագրերը, սակայն այս պահի դրությամբ, համաձայն ՊԵԿ-ի ներկայացրած տվյալների, իրենց հայտարարագրերի համար հաշվետու է եղել նախանշված հայտարարատու անձանցից կեսից էլ պակաս՝ մոտ 53 հազար մարդ կամ 45 տոկոսը։


MediaHub-ն այսօր հետաքրքրվեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից, թե ի՞նչ է լինելու այն անձանց հետ, որոնք չեն ներկայացրել հայտարարագիրը։


«Ձեր նշած թվերը մոտավորապես ճիշտ են, անընդհատ թարմացնում ենք, որովհետև անընդհատ շատանում է հայտարարագրերի քանակը նույն այդ ժամկետներից հետո։ Նաև առաջին տարում հայտարարատու էին համարվում խոշոր բիզնեսի իրական շահառուները, բաժնետերերը, մասնակիցները և նրանք ևս Ձեր ասած 120 հազարի ցանկում են. ծանուցումներ ենք ուղարկում, նախազգուշացնում ենք, նախազգուշացնելուց հետո նոր կանցնենք վարչական պատասխանատվության։ Կարծում եմ՝ հայտարարագրերի քանակն էականորեն կավելանա, բայց եթե նախազգուշացումները, ծանուցումները արդյունք չտան, արդեն նաև այլ՝ ավելի կոշտ վարչարարության կանցնենք»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ կոշտ վարչարարությունը ենթադրում է տուգանքի նշանակում։


Նա նշեց, որ իրենց նպատակը քաղաքացուն տուգանելը չէ, քանի որ սա ավելի շատ կարգապահության ուղղված միջոցառում է։


ՊԵԿ-ը նաև երկարացրել է հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը։ «Մինչև մայիսի 1-ն էր ժամկետը, բայց քանի որ գիտեինք, որ անձնագրայիններում խնդիր կար, շատերը չեն հասցրել, երկարաձգել ենք մինչև հուլիսի 22-ը, հիմա, ըստ էության, ժամկետը լրացել է»,- ասաց Ռուստամ Բադասյանը։


Թե ինչով է պայմանավորված մոտ հիսուն տոկոսով պակաս լրացնելը, Բադասյանը ենթադրեց, որ միգուցե սա մեր քաղաքացիներին բնորոշ վարքագիծ է, որ սպասում են՝ վերջին օրերին լրացնեն, և հույս ունի, որ հիմա, ևս մեկ անգամ որ վերանայեն, դեպի 120 հազար թիվը էականորեն աճ կգրանցեն։


Նշենք, որ սա ոչ հրապարակային ներկայացվող հայտարարագիր է, որը տեսնում են միայն ՊԵԿ կոնկրետ բաժնի աշխատակիցները, քանզի այնտեղ բազմաթիվ անձնական տվյալներ կան, և նպատակը վերլուծությունն է, ֆիսկալ թափանցիկություն ապահովելը և ոչ միայն։

Պատահարներ