Բանգլադեշում անկարգությունների զոհերի թիվը հասել է 560-ի
Բանգլադեշում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած բողոքի ցույցերի, անկարգությունների և բախումների հետևանքով զոհվել է առնվազն 560 մարդ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։Նշվում է, որ ըստ տեղի ԶԼՄ-ների՝ վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականին հաջորդած երեք օրվա ընթացքում օգոստոսի 7-ի երեկոյի դրությամբ հայտնի է դարձել 232 զոհի մասին։ Մինչ այդ՝ հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 4-ը, բախումների հետևանքով զոհվել է 328 մարդ:Բանգլադեշում ուսանողները բողոքի ակցիաներ են սկսել հուլիսից։
Ցուցարարները պահանջում էին վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։ Այնուհետև ցույցերը վերածվեցին ավելի ընդարձակ հակակառավարական շարժման՝ վարչապետի հրաժարականի պահանջով։ Երկիրը 15 տարի ղեկավարած Շեյխ Հասինան հրաժարական է տվել և, ըստ տարբեր տեղեկությունների, մեկնել Հնդկաստան։
Բանգլադեշում նշանակվել է ժամանակավոր կառավարություն, որի ղեկավար է նշանակվել Նոբելյան մրցանակակիր 84-ամյա Մուհամադ Յունուսը։ Ֆրանսիայում բուժում անցնելուց հետո օգոստոսի 8-ին նա վերադարձել է հայրենիք և կստանձնի պաշտոնը։ Ժամանակավոր կառավարությունը պետք է կազմակերպի նոր ընտրություններ։