Վերադարձվող եկամտահարկը կհարկվի՞․ պատգամավորի մեկնաբանությունը․ ԶԼՄ
Տնտեսական ակտիվության անկման ֆոնին Հայաստանի իշխանությունները վարում են հարկային բեռի շարունակական ավելացման քաղաքականություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունում քննարկվում է հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող՝ վերադարձվող եկամտահարկի 20%-ով հարկման հնարավորությունը:
«Գործող կառավարությունը նման նախաձեռնություններ է ցուցաբերում ոչ լավ օրից։ Մեզ մոտ տնտեսական ակտիվության անկում է նկատվում, քանի որ թուլանում են արտաքին գործոնները, որոնք նպաստել են տնտեսության աճին։ Նվազում են հարկային մուտքերը. առաջին կես տարում հավաքագրվել է պլանավորվածից մոտ 110 մլրդ դրամով (282 մլն դոլար) պակաս։ Ըստ այդմ, այս կառավարությունը որդեգրել է հարկերի ավելացման քաղաքականություն»,- ընդգծել է պատգամավորը։
Նա նշում է, որ ընթացիկ ամռանը իշխանություններն արդեն կրկնակի (5%-ից 10%) բարձրացրել են շրջանառության հարկի բազային դրույքաչափը փոքր և միջին բիզնեսի համար, իսկ այժմ շարունակում են հարկերի լրացուցիչ աղբյուրներ փնտրել։
Ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ, Հայաստանի կառավարությունը փորձում է մի կրակոցով երկու նապաստակ խփել․ սահմանափակելով արտոնությունը՝ զսպում է ծրագրի կիրառումը։ Այլ կերպ ասած՝ իշխանությունը դրանով, առաջին հերթին, մտադիր է ազատվել եկամտահարկի վերադարձի համակարգից, իսկ ապա՝ փաստացի նախատեսում է ինչ-որ բան «պոկել» վերադարձվող հարկից, ասում է լրատվամիջոցի զրուցակիցը։
«Նախ և առաջ, այդ ծրագիրն իրենք չեն նախաձեռնել։ Այն եղել է դեռևս մինչև նրանց գալն իշխանության, ու հիմա հետևողականորեն նվազեցնում են եկամտահարկի վերադարձի ծրագրի գրավչությունը նախ՝ սահմանափակելով տարածքային ընդգրկումը, ապա՝ նվազեցնելով հարկային արտոնությունը: Եթե այսպես շարունակվի, ապա մոտ ապագայում ականատես կլինենք ա՛յն ծրագրի փակմանը, որը նպաստել է բնակարանաշինության ոլորտի ծաղկմանը։ Տնտեսության հիմնական ուղղություններից մեկը կզրկվի գլխավոր խթանից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - կարծում է Ավետիսյանը։
Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը քաջ գիտակցում է այն ռիսկերը, որոնք սպառնում են երկրի տնտեսությանը և ձգտում է բոլոր ուղղություններով հնարավորինս շատ հարկեր հավաքել, ինչպես նաև կրճատել բյուջետային ծախսերը, տվյալ դեպքում ՝ եկամտահարկի վերադարձի մասով: Փաստորեն, մինչ այդ թիրախում էին փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, իսկ հիմա սլաքներն ուղղվել են դեպի միջին խավ, որը կարող էր իրեն թույլ տալ եկամտահարկի վերադարձի ծրագրով բնակարան ձեռք բերել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Պատմական ռեկորդային անկում․ համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է
Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը՝ Nikkei-ը, սակարկություն...
ՀՀ–ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում․ Sputnik
Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբեր...
Հայաստանում տարբեր ապրանքների և ծառայությունների գներն ընդհանուր առմամբ նվազել են
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2024 թվականի հուլիս ամսվա դրությամբ Հայաստանի սպառողական շուկայու...
Ճապոնիայի 3 խոշորագույն առևտրային «մեգաբանկերի» բաժնետոմսերը նվազում են
Ճապոնիայի երեք խոշորագույն առևտրային բանկերի, որոնք «մեգաբանկեր» են անվանում, բաժնետոմսերը երկուշաբթի օրվա աճուրդի ընթաց...