Անհնար է ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, ինչպես դա ցանկանում է Նեթանյահուն. Լավրով
Հնարավոր չէ ամբողջությամբ ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, ինչպես դա ցանկանում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մալայզիա կատարած այցի արդյունքները ներկայացնելով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա այդ խնդիրն անիրատեսական է համարում։
«Իմ կարծիքով, այս տեսակետը կիսում են իմ գործընկերներից շատերը, դա անիրատեսական խնդիր է՝ ամբողջությամբ ոչնչացնել մի կազմակերպություն, որը գոյություն ունի և ունի բավարար հնարավորություններ և բավարար աջակցություն, այդ թվում՝ մահմեդական աշխարհում»,- ասել Է Լավրովը:
Հուլիսին Նեթանյահուն հայտարարել էր, որ չի հրաժարվի արմատական խմբավորման նկատմամբ հաղթանակից։
Նրա խոսքով՝ եթե Իսրայելը հրաժարվի այդ նպատակից, ապա նա վտանգի մեջ կհայտնվի «Իրանի գլխավորությամբ չարիքի առանցքի առջեւ»: Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված մարդկանց ազատ արձակման պայմանները կազմված են ռազմական ճնշումներից, որոնք երկիրը գործադրում է զինյալների վրա:
Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի հազարավոր զինված գրոհայիններ Գազայի հատվածից ներխուժեցին Իսրայելի տարածք և առևանգեցին ավելի քան 200 պատանդների։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը ցամաքային գործողություն է սկսել, որի նպատակը պատանդների վերադարձն ու ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումն է:
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմը կտևի մինչև 2025 թվականը: