Լարվածությունը կաճի․ Իրանից արձագանքել են Եմենի վրա Իսրայելի հարվածներին

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է իսրայելական ավիահարվածները Եմենի Հոդեյդա նավահանգստի վրա և ասել, որ Իսրայելը և նրա աջակից ԱՄՆ-ն ուղիղ պատասխանատվություն են կրում Գազայի հատվածում հանցագործությունների և Եմենի վրա հարձակումների վտանգավոր և անկանխատեսելի հետևանքների համար։


Շաբաթ երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իր օդուժը հարվածներ է հասցրել Անսար Ալլահի (Հութի) ռազմական օբյեկտներին արևմտյան Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտ՝ ի պատասխան Իսրայելի վրա վերջին ամիսների հարյուրավոր հարձակումների:


Վարչապետ Նեթանյահուն ասել է, որ գործողությունն ուղղակի պատասխան է հութիների կողմից ձեռնարկված անօդաչու թռչող սարքերով հարձակմանը, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հարվածքելով Թել Ավիվի կենտրոնում գտնվող բնակելի շենքին ԱՄՆ հյուպատոսարանի մոտ:


Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ առնվազն ութը:


Քանանին դատապարտել է իսրայելական օդային հարձակումները Եմենի Հոդեյդա նավահանգստի վրա՝ զգուշացնելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության աճի և ռազմական գործողությունների տարածման վտանգի մասին, որը կարող է առաջանալ Իսրայելի «արկածախնդիր» գործողությունների հետևանքով։


Նա նաև տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը համարել է Գազայի շրջափակման շարունակությունը և նրա բնակիչների սպանությունը։

Պատահարներ