Անտառում խորոված անողները պետք է տարածքը խոտազրկեն. մասնագետը դիմել է ուտել, խմել սիրող ժողովրդին
Հրդեհների հիմնական պատճառը, եթե վերցնենք 2022-2023 թվականները, հիմնականում մարդածին են: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը:
«Հրդեհները հիմնականում առաջանում են խոզանների այրումից, որոշակի հատվածներում աղբի այրումից, որը հետագայում դառնում է անկառավարելի եւ ստանում մեծ մասշտաբներ»,-ասաց նա:
Սեւակ Մարկոսյանը կոչ արեց անտառում իրենց հանգիստը կազմակերպել կամ տնտեսվարողների մոտ, որտեղ ապահովված են հակահրդեհային միջոցները, կամ եթե ուզում են իրենց հանգիստ վայելել վայրի անտառում, ուրեմն պետք է զերծ մնան խարույկներ վառելուց: «Բայց քանի որ մենք հայ ենք, սիրում ենք ուտել, խմել, քեֆ անել, գոնե նմանատիպ միջոցառումների կազմակերպման դեպքում պետք է նախ վառվող տարածքը անպայման խոտազրկել, իսկ վերջում մեծ քանակի ջրով անպայման կրակը հանգցնել: Բայց սա ամենավերջին տարբերակով, որովհետեւ նման քայլերը մեր կողմից չեն խրախուսվում, որովհետեւ մարդու կամքից անկախ, քամու մեկ թեթեւ ուժով կարող է կրակը մեծ տարածքում ստանալ եւ օրեր պահանջվեն հրդեհը մարելու համար»,- ընդգծեց ՊՈԱԿ-ի տնօրենը:
Անդրադառնալով բնության գրկում միջոցառում կազմակերպելուց հետո այդտեղ մնացող աղբին, նա նկատեց, որ վերջին շրջանում այս առումով դրական տեղաշարժ կա, երբ մարդիկ իրենցից հետո հավաքում են աղբը ու եթե անգամ մոտակայքում աղբաման չի լինում, իրենց հետ տանում են: