Ուզում են կլինիկա կառուցել. կռահում ենք՝ ովքեր են տերերը. ակցիայի մասնակից
Ազատության պողոտայի մի խումբ բնակիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ կառուցվող նոր շենքի. Ազատություն 12/2 շենքի բնակիչներից մեկը հայտարարեց, որ առավոտյան մեծ թվով ոստիկաններ ներխուժել են բակ՝ ապահովելու շինարարության մեկնարկը, այն դեպքում, երբ խախտումների մասին բողոքներ են ներկայացվել համապատասխան մարմիններին։
«Կաթսայատան տեղը ուզում են կառուցել 3-4 բժշկական կենտրոն, այն դեպքում, երբ գեոլոգիական, սեյսմիկ, բնապահպանական, քաղաքաշինական, կոմունիկացիոն լուրջ խախտումներ կան։ Բոլոր տեղերը դիմումները տրված է՝ դատախազություն, քաղաքապետարան, քաղաքաշինության նախարարություն, բոլոր տեղերն ահազանգ տվել ենք և պահանջել ենք կասեցվի շինարարությունը՝ մինչև հարցը պարզվի, բայց տրված շինթույլտվության ժամետը լրանում է ուղիղ 20 օր հետո, եթե լրացավ՝ երկրորդ անգամ թույլտվություն չեն տալու, բացառվում է: Դրա համար ուժով, զոռբայությամբ իրենց գործողությունն ուզում են իրակացնեն»,-ասաց բնակիչը։
Բնակիչները նշեցին, թե նույնիսկ չգիտեն, թե ով է սեփականատերը։
«Չեն երևում, միայն ոստիկաններն են գալիս, գուցե ոստիկաններն են սեփականատերերը, չգիտենք, ում հրամանն է»,-ասաց բնակիչը՝ նշելով, որ նույնիսկ այստեղ քրեական տարրեր կան, որովհետև բնակիչների անունից ստորագրել են և շինթույտվություն տվել։
«Ուղիղ երկու ժամ առաջ, ով խոսում էր, որեւէ հասարակական կարգ չէր խախտում, բայց ով խոսում էր, գլխին տալիս են ու տանում: Մենք ենք նկարել ենք, ես նման բան չեմ տեսել: Էս պահին էլ ոստիկանները մեզնից շատ են: Ինչ ուժ ասես՝ օգտագործում են, եւ ոստիկանություն, եւ կարմիր բերետավորներ, նույնիսկ կան մասնավոր ընկերություն, որը սուպերմարկետներում պետք է կանգնեն, նրանց էլ են հավաքել, բերել էստեղ: Մենք կռահում ենք՝ ովքեր են տերերը: Չեմ ուզում հայտարարություն անել, բայց մարզպետի եղբայրը, դատախազի տեղակալը: Այսօր երեկոյան ամեն ինչ կիմանանք: Սա մի ոհմակ է, որ ուզում է սա իրականացնել»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը: