Առաջիկա երկու-երեք ամիսները շատ ավելի դաժան կլինեն, քան մենք կարծում ենք․ Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով ուժերի, սպառազինության և տեխնոլոգիաների հարաբերակցությունը: Այս մասին նա հայտարարել է Bild թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնցհայմերին տված հարցազրույցում։
Մեկնաբանելով Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը՝ Օրբանն ընդգծել է, որ «Պուտինը հստակ պատկերացում ունի, թե ինչ տեղի կունենա եւ ինչպես Ռուսաստանը կհաղթի»:
«Պուտինը չի կարող պարտվել, եթե նայենք զինվորականների, սպառազինության եւ տեխնոլոգիաների թվին։ Ռուսաստանին հաղթելը գաղափար է, որը դժվար է պատկերացնել։ Հավանականությունը, որ Ռուսաստանին իսկապես կարելի է հաղթել, բոլորովին չի տրվում երևակայությանը», - հայտարարել Է վարչապետը։
Օրբանը կանխատեսում է, որ «առաջիկա ամիսներին իրավիճակը ճակատում ավելի վատ կլինի»:
«Շատ զենք կա, և ռուսներն ավելի վճռական են տրամադրված», - ասել է նա:
«Ես հնարավորություն ունեցա խոսելու ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի նախագահի հետ։ Եվ հավատացեք, առաջիկա երկու-երեք ամիսները շատ ավելի դաժան կլինեն, քան մենք կարծում ենք», - շարունակել է Օրբանը։
Ուստի, նրա գնահատմամբ, հիմա ճիշտ պահն է, որպեսզի պատերազմի քաղաքականությունից անցում արվի խաղաղ քաղաքականության։
Հունգարիայի վարչապետը նշել է, որ ցանկանում է ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը քննարկել հինգ առանցքային խաղացողների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ -ի, ԵՄ-ի և Չինաստանի հետ:
Հուլիսի 8-ին Օրբանն այցելել է Չինաստան։ Հուլիսի 5-ին նա Մոսկվայում Պուտինի հետ քննարկել էր Ուկրաինայում հակամարտության կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները: Հուլիսի 2-ին նա այցելել էր Կիև, որտեղ այդ մասին խոսել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։