Սրանք ոչ միայն Մինսկի, այլև Մոսկվայի մտահոգության պատճառներն են․ Պեսկով

Կրեմլը մտահոգված է Բելառուսի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակով։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերջին օրերին Ուկրաինայի կողմից սահմանի մոտ ուժերի ավելացման մասին բելառուսական կողմի հայտարարությունները:


«Բելառուսը միութենական պետություն է, մենք ունենք երկխոսության հատուկ ձևաչափեր բոլոր համապատասխան գերատեսչությունների, այդ թվում՝ հատուկ ծառայությունների գծով։ Եվ մեր պաշտպանության նախարարությունները գործընկերային մշտական կապի մեջ են։ Այդ պատճառով, իհարկե, սրանք ոչ միայն Մինսկի, այլև Մոսկվայի մտահոգության պատճառներն են, քանի որ մենք իսկապես դաշնակիցներ և գործընկերներ ենք», - ասել է նա։


Հիշեցնենք, որ անցած շաբաթ Բելառուսում հայտարարել էին, որ սահմանի ուկրաինական կողմից ռուսական կամավորական կորպուսի ստորաբաժանումներ են նկատվել։ Կիրակի ավելի ուշ հեռուստատեսությանը տված հարցազրույցում գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն հայտարարել է, որ իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանին հեշտ չէ, այն փոխվում է ամեն օր, ընդ որում՝ ոչ դեպի լավը։


Ճեպազրույցի ընթացքում Պեսկովին հարցրել են նաև Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հնարավոր շփումների մասին: Մամուլի քարտուղարը պատասխանել է, որ իրենք կարող են դա անել, «եթե անհրաժեշտ համարեն»։


Քաղաքականություն