Արցախի նախագահի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում․ Sputnik

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։


Հունիսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Քննիչը լրագրողներին ասել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, բայց այլ մանրամասներ չէր հայտնել` նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է։


«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված թիվ 13-0238-24 քրեական վարույթով (երկու հոդվածներն էլ վերաբերում են թմրամիջոցների շրջանառությանը. խմբ.) առգրավվել է «Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ» ՊԿՀ տիրապետության տակ գտնվող «Toyota Camry 2.5» մակնիշի, 004 UU 90 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և տեղափոխվել նույն բաժնի հատուկ պահպանվող տարածք»,–նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին իրավապահ մարմինները 2 օրով ձերբակալել էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին։


Նա ձերբակալվել էր թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, սակայն 60 ժամ անց նրան ոչ մի մեղադրանք չէր առաջադրվել, և Դանիելյանն ազատ էր արձակվել։

Քաղաքականություն